Տավուշի մարզ այցի ընթացքում Դիլիջանում խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում պաշտպանության նախարարի առաջ քաշած «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի մասին, որոնք միտված են զինված ուժերի ծառայությունն ավելի գրավիչ դարձնելուն և զինուժի կառավարման որակի բարձրացմանը, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև բանակի սպառազինության համալրման խնդրին:
Նա ասել է, որ հայկական բանակը համալրվում է արդիական սպառազինությամբ, որը լիովին թույլ է տալիս լուծել բանակի առաջ դրված ռազմական խնդիրները: Այդ շրջանակում Սերժ Սարգսյանը որոշակի մանրամասն է բացել նաև «Ռ Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցից, որի ամբողջական տարբերակը դեռևս չի հրապարակված:

Սարգսյանն ասել է, որ հաղորդմանն իրեն հարց է ուղղվել 80-ականների զենքի մասին հայտնի հայտարարության կապակցությամբ: Այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանն արեց նախորդ տարի ապրիլի պատերազմի հրադադարից կարճ ժամանակ անց՝ ապրիլի 6-ին, երբ Բեռլինում էր, Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում: Սարգսյանը հայտարարել էր, թե մենք չունենք հզոր հովանավորներ և զինված ենք հիմնականում 80-ականների զենքով, բայց ունենք բարձր ոգի:
Դիլիջանում նախօրեին Սերժ Սարգսյանն ասել է, որ հաղորդման ընթացքում այդ հայտարարության մասին իրեն ուղղված հարցին պատասխանել է, որ հայտարարությունն արվել է այլ կոնտեքստում: Սարգսյանի «բացատրությունը» անկասկած բացահայտում չէ, և բավականին հստակ էր, թե ինչու էր ապրիլի 6-ին հնչում այդպիսի հայտարարություն, և ինչու էր այն հնչում հենց Բեռլինում, թեև թվում է, որ առավել տրամաբանական պետք է լիներ, եթե հնչեր այդ հայտարարությունը «ռազմավարական դաշնակից» երկրում կամ այդ երկրի առաջնորդի կողքին:
Բանն այն է, որ մեկ տարի առաջ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, մեղմ ասած, լուռ էր, երբ ըստ էության հարձակում էր եղել Հայաստանի վրա, Հայաստանի անվտանգության վրա: Արցախը Հայաստան է, և դա բոլորն են հասկանում, այդ թվում՝ «դաշնակիցը»: Ապրիլի պատերազմը հասունացել է Ռուսաստանի պահվածքի շնորհիվ, Ադրբեջանին Ռուսաստանի ռազմատեխնիկական մատակարարումների շնորհիվ, դրա ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ասպեկտի ազդեցությամբ:

80-ականների սպառազինության մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանի պատասխանն էր Ռուսաստանին, այդ իսկ պատճառով էլ այն հնչում էր Բեռլինում: Ապրիլի պատերազմից հետո Մոսկվան սկսեց որոշակի քայլեր կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին քիչ թե շատ համահունչ լինելու ուղղությամբ, Հայաստանին մատակարարվեց «Իսկանդերը», Հայաստանը սկսեց ստանալ 200 միլիոնի սպառազինություն:
Սերժ Սարգսյանն այսօր հենց այդ ամենի արդյունքում է նաև հայտարարում, որ բանակը ունի արդիական սպառազինություն: Այսինքն՝ Բեռլինում հնչած հայտարարությունները ունեցել են իրենց արդյունքը, իհարկե՝ ընդհանուր իրավիճակի կոնտեքստում, երբ ամբողջ հայ հասարակության համար էր հստակ, որ Ռուսաստանը վճռական պահին չի կատարել իր դաշնակցային պարտականությունը և նույնիսկ ավելի շատ եղել է Ադրբեջանի կողքին:
Սակայն հարց է ծագում, թե ինչպիսի՞ն է կոնտեքստը այսօր, փոխվե՞լ է այն: Եվ այստեղ պատասխանի հարցում հարկ է մի պահ դադար տալ և հասկանալ իրավիճակը: Հենց այն պահին, երբ Սերժ Սարգսյանը Տավուշում էր Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակով, Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի գործնականում հոխորտալից հարցազրույցը, որտեղ Հասանովը մասնավորապես հայտարարում էր, որ նաև ռուսական սպառազինության շնորհիվ են ապրիլի պատերազմում հասել հաջողության, իսկ Սիրիայի ռազմական գործողություններում ձեռք բերած փորձն էլ Ռուսաստանն այսօր բարեխղճորեն կիսում է Ադրբեջանի հետ:
Այսինքն՝ ըստ էության վերադառնում է այն կոնտեքստը, որը Սերժ Սարգսյանին մեկ տարի առաջ «ուղարկել» էր Բեռլին և մղել հայտնի հայտարարությունները անելու: Վերադառնում է Ադրբեջանին շարունակվող ռուսական մահաբեր սպառազինության մատակարարումներով և նոր պայմանագրերի մասին հայտարարություններով, որ անում է Հասանովը ռուսական պաշտոնական քարոզչամիջոց հանդիսացող հարթակում:
Կոնտեքստը, որ թվում էր, թե շրջվել էր ապրիլի պատերազմից որոշակի ժամանակահատված հետո, այժմ վերադառնում է, ինչը Հայաստանին պետք է տա խորհելու առիթ: Եվ որպեսզի այս անգամ հարկ չլինի հրադադարից հետո գնալ Բեռլին և անել համապատասխան կոնտեքստ պարունակող հայտարարություններ, պետք է կատարել քայլեր «հրադադարից» առաջ, այսպես ասած՝ բանը ռազմական գործողությունների և հրադադարի անհրաժեշտության չհասցնելու համար:
Այդ քայլերը պետք է միտված լինեն ապրիլի պատերազմից հետո ձևավորված որոշակի նոր կոնտեքստը պարզապես իրականության, այսինքն՝ քաղաքական առօրյա ընթացքի վերածելուն, ինչը նշանակում է Ռուսաստանին անընդհատ զգոն պահելուն:
Մոսկվան պետք է անընդհատ զգա Հայաստանի ճնշումը՝ հատկապես Ադրբեջանի ուղղությամբ ցանկացած քայլ կատարելու պարագայում: Մի բան, որը նշմարվում էր ապրիլի պատերազմից սկսած, մինչև որոշակի ժամանակահատված, սակայն կարծես թե սկսում է թուլանալ, ինչի վկայությունն է այն, որ Ռուսաստանը սկսում է ավելի ու ավելի անկաշկանդ պահել իրեն Բաքվի հետ հարաբերություններում և առավել բաց տեքստով գնալ քաղաքական առևտրի, ինչի պարզ վկայությունն էր նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հարցազրույցը ռուսական պաշտոնական քարոզչամիջոցին:








































