ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցնցող հաջողություն» է որակել Համբուրգում ավարտված Մեծ Քսանյակի գագաթաժողովը: Սակայն եթե վերանանք Թրամփին բնորոշ պաթոսից և պերճախոս ձևակերպումներից, ապա գագաթաժողովը նույնիսկ արձանագրել է իրողություններ, որոնք պետք է մտահոգիչ լինեին հենց անձամբ ԱՄՆ նախագահի և արևմտյան աշխարհի համար: Մեծ առումով` գագաթնաժողովը ևս մեկ անգամ արձանագրել է ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների սկզբունքային, անհաղթահարելի անհամաձայնությունը Կլիմայի փոփոխությունների Փարիզի համաձայնագրի հարցում: ԵՄ 18 պետություններ վերահաստատել են իրենց հավատարմությունը համաձայնագրին` Թրամփին, ըստ էության, մենակ թողելով Թուրքիայի ավտորիտար առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ, ով նոր իրավիճակում կասկածի տակ է դրել իր երկրի կողմից Փարիզի համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը:
Դատելով ինֆորմացիոն առաջին արտահոսքերից` Թրամփ-Պուտին հանդիպումն անցել է վերջինիս թելադրած օրակարգով: Հեղինակավոր New York Times-ը, վկայակոչելով իր պաշտոնական հավաստի աղբյուրները, պնդում է, որ Ռուսաստանի նախագահին հաջողվել է երկու ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում շրջանցել իր համար ցավոտ Ուկրաինայի խնդիրը: Թերթի այս պնդումը հավաստի է թվում, որովհետև պաշտոնական մեկնաբանություններում չի հիշատակվում որևէ պայմանավորվածություն, որը կվերաբերեր Ուկրաինային:
Ակամայից ամրապնդվում է այն մտավախությունը, որ Թրամփի ու Պուտինի միջև կարող է կայանալ գործարք, որի հետևանքով Վաշինգտոնն, ըստ էության, կսահմանափակի իր ներկայությունը հետխորհրդային տարածքում` այն հանձնելով Մոսկվայի մոնոպոլ տիրապետությանը: Սա այն է, ինչին ձգտում է և կարող է հասնել Պուտինը` Թրամփի ոչ հեռատես քաղաքականության հետևանքով:
Ի դեպ, հայտնի է դարձել, որ շուրջ քառասուն րոպե Թրամփը բարձրացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը, սակայն Պուտինը բարձր ու բարկացած ձայնով ապացույցներ է պահանջել: Երեկ Պուտինը Համբուրգում ամփոփել է Քսանյակի գագաթաժողովը և, ըստ էության, ծաղրել է ամերիկացի իր գործընկերոջը` երկիմաստ դատողություններ անելով նրա ադեկվատության վերաբերյալ: «Չգիտեմ, թե դա ինչպես կհնչի, սակայն կասեմ, ինչպես ես տեսնում եմ՝ հեռուստատեսային Թրամփը զգալիորեն տարբերվում է իրական մարդուց», – ասել է Պուտինը: Պուտինի խոսքով` ԱՄՆ նախագահը «բավականին ադեկվատ է ընդունում զրուցակցին, բավականին արագ վերլուծում է և պատասխանում հարցադրումներին»:
Երբ Քսանյակի գագաթաժողովը «ցնցող հաջողություն» է համարվում Թրամփի կողմից, իրապես կարելի է քննարկել նրա քաղաքական ադեկվատության հարցը, որովհետև ԱՄՆ նախագահը ենթատեքստում այդպիսին է համարում իր և Պուտինի հանդիպումը և գուցե նաև այն, որ Կլիմայի փոփոխությունների համաձայնագրի հարցում` իր օրինակից խանդավառված, Եվրամիության երկրներին հակադրվել է Էրդողանը: Կարծես թե, աստիճանաբար ուրվագծվում է Թրամփի անդրօվկիանոսյան շրջապատը:








































