Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Արարատյան Հայապետական Թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Սիրիայի Բերիո թեմի նախկին երկարամյա առաջնորդ գերաշնորհ Տ. Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի ձեռամբ մատուցվել է Սբ. Պատարագ: Տ. Սուրեն Սրբազանը Հայաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով` մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին:
Սբ. Պատարագին ներկա է եղել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում շեշտել է քրիստոնեության երեք կարևորագույն գաղափարները` սերը, հույսը, հավատը, որոնցով սիրիահայությանը հորդորել է փարված մնալ Հայ Եկեղեցուն, հավատարիմ զավակը լինել Հայաստանի Հանրապետության և երախտապարտ որդին` սիրիական պետության: Նա շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ ղեկավարությանը` սիրիահայության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Պատարագիչ Սրբազանը գոհունակություն հայտնեց Տ. Նավասարդ Սրբազանին` սիրիահայերին հաղորդակցվելու առիթ ընձեռելու և հյուրընկալության համար:
Հայաստանի Անկախության տարեդարձը հայաստնաբնակ սիրիահայերի համար արժևորվել է այս իրադարձությամբ ևս, քանի որ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար սա համախմբվելու ևս մի առիթ էր:
Սբ. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգիստ` ի հիշատակ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի պատճառով զոհված անմեղ նահատակների:









































