Մերձավորարևելյան տարածաշրջանի դինամիկ զարգացումների համապատկերում օրեցօր աճում է քրդերի դերակատարումը ինչպես Թուրքիայում, այնպես էլ սիրիական հակամարտության համատեքստում և հատկապես Իրաքում: Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը Մուստաֆա Բարզանիի, այնուհետև նրա որդու՝ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ տասնամյակներ շարունակ պայքարում են ինքնավարության և անկախության համար: Իրավիճակը կտրուկ փոխվեց 2003 թ. ամերիկյան ներխուժումից և Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո: 2006 թ. քրդերը նոր սահմանադրությամբ լայն ինքնավարություն ստացան Իրաքի հյուսիսային շրջաններում: 2017 թ. հունիսի 7-ին իրաքյան Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները:
Հայաստանի Հանրապետության տեսլականը քրդական հարցի առնչությամբ առայժմ հստակ չէ, համենայնդեպս հրապարակային քննարկումներ այս կարևոր հարցի շուրջ գրեթե չեն լինում: Այդուհանդերձ, կարելի է նշել մի կարևոր փաստ՝ ՀՀ նախագահի հրամանագրով իրաքյան Քուրդիստանի կենտրոնում՝ Էրբիլ քաղաքում, բացվելու է ՀՀ գլխավոր հյուպատոսություն:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:
– Պարոն Ներսիսյան, իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակումը, Ձեր կարծիքով, ի՞նչ կփոխի տարածաշրջանում և քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա թե՛ ընդհանուր գործընթացների և թե՛ հատկապես տարածաշրջանի մյուս պետությունների՝ Թուրքիայի, Սիրիայի և Իրանի համար, որտեղ ապրում են միլիոնավոր քրդեր:
– Եթե այդ հանրաքվեն տեղի ունենա և ստեղծվի անկախ Քուրդիստան Իրաքում, դա ինչ-որ լուրջ փոփոխության չի բերի քրդերի քաղաքական ձգտումների և անկախ Քուրդիստանի ստեղծմանը մի քանի առանցքային պետությունների վերաբերմունքի առումով: Կան պետություններ, որոնք բացասական դիրքորոշում կցուցաբերեն այդ խնդրին և չի բացառվում, որ նույնիսկ խոչընդոտներ հարուցեն մինչև սեպտեմբերի 25-ի հանրաքվեն: Ուսումնասիրելով քրդերի պատմությունը, հատկապես 20-րդ դարի ազգային-ազատագրական շարժումները՝ եկել եմ այն եզրակացության, որ քրդերն իրենց քաղաքական ձգտումների մեջ հասուն չեն: Նրանք մի քանի երկրներից են պահանջատեր եղել՝ Իրաք, Իրան, Թուրքիա, Սիրիա: Մասնավորապես, Մասուդ Բարզանին գլխավորում է քրդերի պայքարը Իրաքում, իսկ Աբդուլլահ Օջալանը ղեկավարում էր քրդերի ազատագրական պայքարը Թուրքիայում: Այս երկրներից Սիրիան, բնականաբար, արդեն կորցրել է իր նախկին ուժը դիմակայություն ցուցաբերելու առումով: Ասադը, միևնույն է, չի հանդուրժելու քրդերի անկախության ձգտումները Սիրիայում, ձգտելու է խոչընդոտել, որովհետև դա նաև վնասելու է Սիրիայի ամբողջականությանը, որը պառակտման եզրին է: Այստեղ, իհարկե, կա նաև ռուսական գործոնը, թե որքանո՞վ է դա ցանկալի ռուսների համար: Ռուսների և Ասադի հարաբերությունները հայտնի են: Ռուսաստանը այն պետությունն է, որը ձգտում է Սիրիայի ամբողջականության պահպանմանը: Քրդերը նաև Թուրքիայից են պահանջատեր: Նույն քաղաքական վերաբերմունքը այս հարցին կունենա նաև Իրանը: Այս պետություններն ամեն կերպ ձգտելու են խոչընդոտել քրդական անկախ պետության ստեղծմանը՝ ելնելով իրենց տարածքային ամբողջականության պահպանման խնդրից: Միացյալ Նահանգները, օրինակ, ինչ-որ տեղ թաքուն կխրախուսի այդ շարժումները՝ ելնելով Իրանի հանդեպ ունեցած իր քաղաքական վերաբերմունքից:
– Հատկապես ամերիկյան գործոնը ի՞նչ դեր է խաղում այս հարցում, եթե հիշենք, որ ամերիկացիներն աջակցում են քրդերին թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում:
– Ընդհանրապես ես տեսնում եմ ամերիկյան գործոնի ազդեցությունը այս հարցում, Միացյալ Նահանգները շահագրգռված է Քուրդիստանի ստեղծմամբ, և կարծում եմ, որ դա խաղում է իր դերը, որովհետև Մասուդ Բարզանին, որը եղել է ավելի չափավոր հայացքների տեր քուրդ առաջնորդ, քան ներկայումս բանտարկված Օջալանը, չէր գնա այդ քայլին՝ հանրաքվեի որոշմանը, առանց Միացյալ Նահանգների աջակցության: ԱՄՆ-ն իր ծրագիրն ունի Միջին Արևելքի վերաբերյալ և այդ ծրագրի մի մասը, կարծում եմ, հենց սա է:
Անդրադառնանք հարցին նաև հայերի տեսանկյունից: Սա ևս հետաքրքիր հարց է: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չպիտի ոգևորվենք: Առհասարակ մենք ողջունում ենք մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի դեմ ցանկացած պայքար, նաև քրդերի ազգային-ազատագրական պայքարը Թուրքիայի դեմ և ընդհանրապես մտածում ենք, որ Թուրքիայի մասնատումը ձեռնտու է մեզ: Լինելով հակաթուրք՝ մենք ինքնաբերաբար դառնում ենք քրդամետ: Բայց ես այնքան էլ համաձայն չեմ այդ մոտեցմանը: Մեր քաղաքական գործիչներից, նաև մտավորականներից շատերը ողջունում են հայ-քրդական դաշինքը հենց Թուրքիայում, բայց ես չեմ պատկերացնում մեր մասնակցությունը քրդական ազատագրական շարժմանը և նախկինում էլ չեմ պատկերացրել: Ի՞նչ ուժերով պիտի մենք մասնակցենք, Հայաստանի Հանրապետությո՞ւնը պիտի մասնակցի, ռազմական աջակցությո՞ւն ցույց տա: Գաղափարական առումով կարող է ինչ-որ մի ծրագիր մշակվել, ինչպես եղավ երիտթուրքերի հետ համագործակցության ժամանակ, բայց գործնականում քրդերը մեզ ի՞նչ կտան դրական առումով: Որևէ օգուտ էլ չեն տա:
– Ամեն դեպքում քրդական գործոնը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում տարածաշրջանում: Այս պարագայում Հայաստանը, որպես այս ռեգիոնի մի մասը, պե՞տք է ունենա որոշակի քաղաքականություն կամ ծրագիր քրդական հարցի վերաբերյալ:
– Մեր ռազմավարությունը քրդերի առումով ոչ թե հստակ չի, այլ կարծես թե ընդհանրապես չկա պետական քաղաքականություն: Բայց կրկնում եմ՝ չեմ պատկերացնում հայ-քրդական ինչ-որ դաշինք, որևէ համագործակցություն գործնական առումով:
– Որովհետև շահե՞րը չեն համընկնում:
– Կարծում եմ, որ մեր և քրդերի շահերը համընկնում են տեսականորեն: Մենք ասում ենք, որ Թուրքիան մեր թշնամին է, իրականացրել է հայերի ցեղասպանություն, հիմա քրդերը թուրքերի դեմ են, և դա բխում է մեր շահերից: Արդյունքում ի՞նչ կարող են տալ քրդերը մեզ՝ հայերիս: Պիտի ինչ-որ տարածքնե՞ր տան մեզ, որ միավորվեն Հայաստանի հետ: Հնարավո՞ր է հայ-քրդական համատեղ պայքար կամ ո՞վ դա թույլ կտա, միջազգային հանրությո՞ւնը, Ռուսաստա՞նը, մյուս տերություննե՞րը: Նախ, այդ պետություններից Իրանը բարեկամական երկիր է մեզ համար: Այսինքն՝ գործնականում դա որևէ շոշափելի արդյունք չի տա:
Այստեղ մեկ այլ խնդիր կա: Հանրահայտ ճշմարտություն է, որ Արևմտյան Հայաստանը այսօր Քրդստան է, այնտեղ քրդեր են ապրում՝ մինչև Էրզրում ամբողջը քուրդ են, թուրք գրեթե չկա:
– Մի անգամ կարծեմ ասել էիք, որ Թուրքիայի հետ կապված մեր խնդիրները իրականում ոչ թե թուրքերի, այլ քրդերի հետ է:
– Ես ավելի համարձակ տեսակետի կողմնակից եմ: Կարծում եմ, որ այս պահին Արևմտյան Հայաստանի հետ կապված մեր խնդիրները քրդերի հետ են, որովհետև մեր պատմական հայրենիքի վրա նստած են քրդերը: Դա բացահայտ ճշմարտություն է: Եթե քրդերը հզորանան, Ամերիկայի, Արևմուտքի աջակցությամբ ստեղծեն Քուրդիստան, ակնհայտ չէ, որ այդ պետության մեջ պիտի ներառվեն ներկայիս Թուրքիայի ինչ-որ տարածքներ: Թուրքիան այդ առումով մենակ չէ ընդդեմ Արևմուտքի: Թուրքիան շատ խելացի քաղաքականություն է վարում Մերձավոր ու Միջին Արևելքում:
– Բայց նախ պիտի հասկանանք, թե որքանո՞վ է իրական Թուրքիայում քրդերի անկախացումը:
– Իհարկե, Թուրքիայում հիմա նման հարց դնելը, թե քրդերը կարող են Թուրքիայում ստեղծել առանձին Քրդստան, կնշանակի ընկնել քաղաքական ռոմանտիզմի գիրկը: Դա հեռու է իրականությունից: Եվ առհասարակ մենք չպիտի շատ ոգևորվենք իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացով: Նախ, այդ պետությունը պիտի ճանաչեն: Չեն ճանաչի Թուրքիան, մեր դաշնակից Իրանը, և մեծ հարց է՝ Արևմուտքի երկրները կճանաչե՞ն, թե՞ ոչ: Համենայնդեպս, սա Մերձավոր ու Միջին Արևելքի վերաձևման մի փուլ է, որի վերջնական արդյունքը դժվար թե ինչ-որ մեկը կարողանա այսօր հստակ կանխատեսել: Շատ հաճախ մենք ինչ-որ գործողություն կապում ենք դրսի ինչ-որ ուժի, գերհզոր տերության օժանդակության հետ, բայց քրդերի պարագայում դա կարող է լինել և կարող է նաև չլինել, որովհետև իմ տպավորությամբ, քրդերը մինչ օրս չեն դրսևորում քաղաքական հասունություն: Եթե հետ գնանք դեպի 20-րդ դարի քրդական ապստամբությունները, հիշատակության են արժանի հատկապես 1925 թ. շեյխ Սայիդի ապստամբությունը, 1930-ականներին Արարատի մեծ ապստամբությունը, որի ղեկավարներից մեկը, ի միջի այլոց, հայ էր՝ շեյխ Զիլանը, որը խնուսցի Արտաշես Մուրադյանն էր: Այս ապստամբությունները քրդերի քաղաքական հասունության բացակայության հետևանքն էին: Նրանք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից առաջ դարձել էին թուրքերի գործիքը հայերին ցեղասպանության ենթարկելու հարցում՝ ստանալով բումերանգի էֆեկտ, մնալով մենակ: Սա քրդերի՝ քաղաքականապես հասուն չլինելու արտացոլումն է: Ճիշտն այն է, որ նրանք 19-րդ դարի վերջից համագործակցեին հայերի հետ և ընդհանուր ազատագրական պայքար մղեին Օսմանյան կայսրության դեմ: Եվ այդ ժամանակ մենք ահագին ուժ ունեինք, ունեինք զինված խմբեր, ֆիդայիներ, կազմավորումներ, և իսկապես կարելի էր ինչ-որ արդյունքի հասնել Թուրքիայի կապիտուլյացիայից հետո: Բայց Թուրքիան կապիտուլյացիայի ենթարկվեց, քրդերը հետո հասկացան, որ իրենց բնական դաշնակիցները հայերն են, ասորիները, հույները: Իսկ հիմա ոմանք ոգևորվում են, որ եթե քրդերը հաղթեն Թուրքիայի դեմ պայքարում, այս կամ այն տարածքը կտան մեզ: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ քրդերը ինչ-որ տարածք կարող են տալ մեզ:
– Կամ ինչո՞ւ պիտի տան:
– Այո, դա նույնպես կարևոր հարց է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ նրանք Մասիսը, Ալաշկերտը կամ Բայազետը կտան մեզ: Մենք տվյալ քաղաքական կամ ռազմական գործողության մեջ մեր կոնկրետ դերը պիտի ունենանք: Բայց մենք՝ որպես գործոն, այսօր գոյություն չունենք՝ Թուրքիայի դեմ պայքարելու, քրդերի կողքին կանգնելու իմաստով: Մենք դեռ Ղարաբաղի խնդիրը չենք լուծել: Ընդհանրապես ես կարծում եմ, որ այս առումով մենք պիտի մնանք չեզոք, ո՛չ շատ ոգևորվենք, ո՛չ էլ նորից հայհոյանքի տարափ տեղանք թուրքերի կամ քրդական ինքնավարություն չցանկացող երկրների նկատմամբ: Դա մեզ ոչինչ չի տա: Մենք պիտի հետևենք իրադարձություններին, տեսնենք՝ այդ իրադարձությունները ինչպես կզարգանան: Իմ խորին համոզմամբ՝ հզոր Քրդստան չեն հանդուրժելու ոչ միայն իմ նշած պետությունները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիան, այլև Արևմուտքը:








































