ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Իրանի նախագահի՝ մայիսի 19-ին կայանալիք ընտրությունների մասին:
– Պարոն Ոսկանյան, նախագահի թեկնածուներից ովքե՞ր ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու ընտրություններում: Պահպանողական ճամբարից ովքե՞ր են ի զորու մարտահրավեր նետել գործող նախագահ Հասան Ռոհանիին:
– Եթե փորձենք պայմանականորեն բաժանել առկա 6 թեկնածուներին չափավորականների և պահպանողականների ճամբարների միջև, ապա թեկնածուները թերևս կկիսվեն հավասարաչափ: Չափավորական ճամբարը ներկայացնում են գործող նախագահ Հասան Ռոհանին, գործող փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին և արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի-Թաբան, որը ինչ-որ առումով հարում է չափավորական ճամբարին:
Պահպանողականների թևից իրենց թեկնածությունն են առաջադրել Էբրահիմ Ռայիսին, որը Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանային համալիրի ղեկավարն է և հիմնականում քաղաքական հետնաբեմում հանդես եկած ազդեցիկ հոգևորական, ևս երկու թեկնածու՝ Թեհրանի գործող քաղաքապետ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոսթաֆա Աղա Միրսալիմը: Այսպիսով, թեկնածուները թվական առումով հավասարապես են բաշխված երկու թևերի միջև:
Եթե փորձենք գնահատել առկա բոլոր թեկնածուների շանսերը, ապա ակնհայտ է, որ գործող նախագահ Ռոհանին լուրջ հավակնություններ ունի երկրորդ անգամ ընտրվելու նախագահի պաշտոնում: Իսկ պահպանողականների թևից ընտրվելու ամենամեծ հավանականությունը ունեն մի կողմից՝ պարոն Ռայիսին, որը Իրանում պահպանողական հոգևորականության շահերի արտահայտողն է, և մյուս կողմից՝ Թեհրանի գործող քաղաքապետ Ղալիբաֆը, որը ըստ էության ներկայացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շահերը:
Եթե փորձենք կանխատեսումներ անել, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ընտրությունները կանցնեն երկու փուլով. առաջին փուլից հետո դժվար թե նախագահ ընտրվի: Բայց կա մի կարևոր հանգամանք՝ Իրանի նախագահական ընտրությունները չափազանց բարդ են կանխատեսելիության առումով: Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախ՝ իրանցի ընտրողը շատ դեպքերում կարող է փոխել իր որոշումը, և այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ հենց ընտրության օրը, ընտրատեղամասի քվեատուփերի մոտ: Այս առումով, դատելով առկա փորձից, նախնական հանրային հարցումների արդյունքները շատ դեպքերում կարող են և չարտացոլել իրական տրամադրությունները իրանական հասարակության մեջ, տրամադրություններ, որոնք չափազանց փոփոխական են:
Եթե վերցնենք նախորդ ընտրությունների փորձը, ապա գործող նախագահ Հասան Ռոհանիի օգտին կանխատեսում էր ձայների մոտավորապես 14-15 տոկոսը, բայց նա հաղթեց առաջին իսկ փուլով: Ակնհայտ է, որ նախագահության տարիների ընթացքում գործող նախագահը կորցնում է ձայների որոշակի չափաբաժին, իսկ պարոն Ռոհանին շատ փոքր առավելությամբ հաղթեց առաջին փուլում: Հետևաբար երկրորդ փուլի հնարավորությունը ակնհայտորեն բավական մեծ է:
Թեկնածուներին Հայաստանի շահերի տեսանկյունից դիտարկելու պարագայում պիտի ասենք, որ նրանցից որևէ մեկի ընտրվելը կամ չընտրվելը լրջորեն չի ազդի մեր երկրի հանդեպ Իրանի արտաքին քաղաքական ուղեգծի վրա: Հայաստանը և Իրանը իրենց հարաբերությունները կառուցում են համակարգված մեթոդաբանությամբ, և անձերի փոփոխությունը շատ լուրջ ազդեցություն չի թողնում այդ քաղաքականության վրա: Այդուհանդերձ, որոշ կոսմետիկ ճշգրտումներ, անշուշտ, պետք է ակնկալել:
Այնուամենայնիվ, ֆավորիտների թվում մեր շահերի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինեին, բնականաբար, պարոն Ռոհանին՝ բարեփոխականների ճամբարից, իսկ պահպանողականների թևից՝ կա՛մ պարոն Ռայիսին, կա՛մ պարոն Ղալիբաֆը:
Խոսելով Իրանի նախագահական ընտրությունների այլ առանձնահատկությունների մասին՝ չեմ կարող չնշել քաղաքական մշակույթի բավական բարձր և ինչ-որ առումով նաև ուսանելի մակարդակը, որն ի ցույց դրվեց արդեն իսկ կայացած երկու հեռուստաբանավեճերի ընթացքում: Թեկնածուները, չնայած միմյանց հանդեպ հնչեցրած խստագույն քննադատությանը, պահպանում էին պարկեշտության և բարեկրթության բոլոր չափորոշիչները: Եվ այս առումով, կարծում եմ, նման քաղաքական մշակույթը պատիվ է բերում ցանկացած երկրի, այդ թվում Իրանին, և ուսանելի ու ընդօրինակելի է հատկապես մերձավորարևելյան այլ երկրների համար: Գիտենք, որ Մերձավոր Արևելքում կան պետություններ, որոնք չեն բավարարում ժողովրդավարության նույնիսկ տարրական նորմերը, մինչդեռ շատ հաճախ քննադատության է արժանանում հենց Իրանը՝ պայմանավորված քաղաքական կամ աշխարհաքաղաքական տարբեր հանգամանքներով:
Իրանական քաղաքական համակարգի մեկ այլ տեսանելի առանձնահատկությունը կայունությունն է: Իրանցիները շատ դեպքերում ապահովում են այդ կայունությունը քաղաքական տարբեր թևերի միջև պայմանական բաժանումներով և հստակ դերաբաշխումներով: Այդ դերաբաշխումները և թևերի տարանջատումը երբեմն պայմանավորված են լինում նաև երկրի հանդեպ արտաքին սպառնալիքներով: Մասնավորապես, ԱՄՆ-ի դիրքորոշումները Իրանի հանդեպ հաճախ որոշակի ազդեցություն թողնում են Իրանի ներսում քաղաքական զարգացումների վրա: Այսօր Իրանում տեսակետ կա, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգի հետ հավասարը հավասարի կամ նույն լեզվով խոսելու ունակություն կարող է ունենալ պահպանողական նախագահը՝ ի տարբերություն Օբամայի վարչակազմի կառավարման շրջանի, որին որպես հակոտնյա կարելի էր դիտարկել Հասան Ռոհանիին՝ հանգամանք, որը կարող է ազդել նաև ընտրողների տրամադրությունների վրա:
– Թրամփի վարչակազմի կոշտ հռետորաբանությունը Իրանի հանդեպ կարո՞ղ է բարելավել արմատականների կամ պահպանողականների գործերը կամ դիրքերը ընտրություններում:
– Պահպանողականների շանսերն այս համատեքստում, իհարկե, բավական աճել են: Աճել են նաև այն պատճառով, որ իրանական հասարակության առավել խոցելի խավերի համար տեսանելի չեն երկրի ներսում տնտեսական շոշափելի հաջողություններ, ինչը չի կարող ազդեցություն չթողնել: Բայց կրկնեմ, որ իրանական ընտրությունների արդյունքները շատ անկանխատեսելի կարող են լինել՝ պայմանավորված հասարակության ներսում տրամադրությունների արագ և դինամիկ փոփոխություններով: Բերեմ մի օրինակ՝ կոնկրետ վայրում, դիցուք, չափազանց կարևոր կարող է լինել մզկիթում ուրբաթօրյա աղոթապետի հնչեցրած հորդորը այս կամ այն թեկնածուին սատարելու վերաբերյալ, կամ մեկ այլ դեպքում՝ համերկրային մակարդակում սոցիալական մեդիայում այս կամ այն թեկնածուի կողմնակիցների ակտիվությունը: Այս առումով Իրանը չափազանց ուշագրավ երկիր է, որտեղ ավանդականությունը և արդիականությունը սերտորեն միաձուլված են, ինչը նկատելի է նաև այժմ ընթացող ընտրապայքարի և քարոզչության, ասեմ այսպես, «տեխնոլոգիական» հատվածում:
– Թեկնածուներից ո՞վ ավելի հստակ տեսլական ունի Իրանի հարևան պետությունների և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, նաև տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու մասին:
– Արտաքին քաղաքականության խնդիրներն ընդհանուր առմամբ առայժմ շատ չեն քննարկվել: Հեռուստաբանավեճերի ընթացքում անդրադարձներ, անշուշտ, եղել են վեցյակի հետ կնքված միջուկային համաձայնագրին, ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, մի քանի անգամ անդրադարձ է եղել Թուրքիային: Հայաստանի անունը դեռևս չի շոշափվել:
Ընդհանրապես Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում միտված է այս պետության համար երկու հանգուցային հարցերի ապահովմանը: Առաջինը բոլոր հարևանների հետ անխտիր հնարավորինս լավ հարաբերությունների պահպանումն է, որովհետև ենթադրվում է, որ Իրանը գտնվում է արտաքին մշտական սպառնալիքի վիճակում, սպառնալիք, որը գալիս է Արևմուտքից, ուստի հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները ապահովագրում են Իրանին այդ երկրներից մի քանիսի տարածքները որպես հակաիրանական հենարան օգտագործելու վտանգից:
Իրանի արտաքին քաղաքականության երկրորդ կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում Իրանի շոշափելի ներկայության ապահովումն է: Ներկայություն ասելով՝ նկատի ունեմ քաղաքական և մշակութային ազդեցության ոլորտների պահպանումը և ընդլայնումը: Սա իրանական տեսանկյունից ունի թե՛ գաղափարախոսական կարևորություն, թե՛ կիրառական նշանակություն, որովհետև իրանցիները դիտարկում են իրենց երկիրը որպես տարածաշրջանում ինչ-որ առումով միակ գերտերությունը, որը նաև քաղաքակրթական առումով և պատմականորեն վաստակել է Մերձավոր Արևելքում նման կարգավիճակ ունենալու իրավունքը:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի








































