ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը քննադատել է Թուրքիային այն հարցում, որ վերջինս հրաժարվել է համագործակցել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ գրանցված ընտրախախտումներն ուսումնասիրելու գործում, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:
«Այն, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սխալ կամ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշումը հակասում է Թուրքիայի օրենքներին, հաստատված փաստ է»,- հայտարարել է Լինքը:
Քարոզարշավի ընթացքը ևս հակասել է ազգային ու միջազգային չափորոշիչներին: Լինքը լուրջ խնդիր է համարել նաև մամուլի ազատության սահմանափակումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջին պահին հայտարարել է, որ վավեր է ճանաչելու կնիք չունեցող քվեները, ինչը հակասում է թուրքական օրենքին:








































