Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախումների ժամանակ մի քանի ոստիկաններ երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն են կատարել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երկու ակտիվիստներ՝ Շողիկ Մելքոնյանն ու Տաթև Մայիլյանը, հաստատեցին, որ նման վարքագծով ոստիկաններից մեկը եղել է Արաբկիր համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Շողիկ Մելքոնյանն ասաց, որ օգոստոսի 24-ին մի ոստիկան անընդհատ հետևում էր իրեն, հոգատար ոստիկանի դեր էր խաղում և փորձում էր հեռացնել տարածքից, անգամ հետևի կողմից շրթունքներով դիպել է պարանոցին. «Ամենասարսափելին այն ժամանակ էր, երբ ինձ էլ էին ուզում բերման ենթարկել: Ես դիմադրում էի, որովհետև իմաստ չէի տենսում: Այդ ժամանակ Արաբկիր համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը մոտեցավ և ականջիս ասաց սեռական բնույթի հայհոյանք: Կոչ եմ անում՝ Արայիկ կոչվածը ում նման հայհոյանք է տվել, թող չամաչեն և ասեն»:
Ասուլիսի մյուս բանախոս Տաթև Մայիլյանն էլ ասաց, որ Արայիկ Պետրոսյանն իրեն էլ սեռական բնույթի կոպիտ հայհոյանք է տվել. «Նա կանանց շատ է մոտենում, մարմնով դիպչում կամ ականջին ինչ-որ բան ասում: Մենք հիմա բոլոր նյութերը միացնում ենք իրար, որպեսզի այդ ոստիկանը օրենքով կրի իր պատիժը»:
Ասուլիսին ներկա էր նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների». ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, ով հավելեց, որ նման ոստիկաններն այլասերված տարրեր են, որոնք ներխուժել են այն վիրտուալ հատվածը, որը կոչվում է հայրենիք. «Որևէ պետական կառույցում նրանք պետք է տեղ չունենան: Նրանց նկատմամբ ոչ թե բարոյական պարսավանք պիտի լինի, այլ իրավաբանորեն պետք է պատիժ կրեն: Այդպիսիների պատճառով է, որ արտագաղթ է լինում»։
Նա հավելեց նաև, որ ինքը միշտ կոչ է արել ոստիկանի մեջ տեսնել մեր ապագա գործընկերներին, քանի որ նրանց մեծ մասն էլ է հասկանում, որ այսպես շարունակվել չի կարող, սակայն, ըստ նրա, հայի անունը խայտառակ անող ոստիկաններին պետք է պատժել:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































