Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Ստեփանյանը բաց նամակով դիմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Մինչև բաց նամակը գրելը համակ ուշադրությամբ կրկին դիտեցի 26.12.2016թ. տարևերջյան Ձեր հանդիպումը լրագրողների հետ,լսեցի Ձեզ ուղղված հարցերը և Ձեր կողմից տրված պատասխանները:
Պարզվում է, որ Դուք ծանոթ չեք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին: Մասնավորապես, օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետին՝ համաձայն որի «Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել…կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստացած անձը »:
Այլապես ինչպե՞ս հասկանալ լրագրողին տրված Ձեր պատասխանը, որը մեջբերում եմ բառացի. «Լուսինե-ջան,ես որ որևէ մեկին արգելեմ, ինքը չի կարող մասնակցել, ուրեմն չեմ արգելել, որ մասնակցի… »: Խոսքը Լոռու մարզի Գուգարքի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Ս.Մացակյանի իր պաշտոնավարության նույն դպրոցում մրցույթին մասնակցելու մասին է:
Այսինքն, Հայաստանի Հանրապետության առանձին վարչական միավորումում՝ Լոռու մարզի տարածքում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը չի գործում: Ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար մրցույթին հավակնորդի մասնակցության իրավունքը կարգավորվում է ոչ թե նշված օրենքով, այլ Ձեր «օրհնությամբ », սուբյեկտիվ ցանկությամբ:
Կամ Ձեր մեկ այլ հայտարարությունը նույն մրցույթին ԶԼՄ-ի ներկա գտնվելու վերաբերյալ. «Էս մի անգամ օրենքը մենք ենք խախտում և բացառություն ենք անում, բացառություն լրատվամիջոցների համար» և հորդորում եք լրագրողներին, որ գնան, մասնակցեն մրցույթին:
Իսկ ինչպե՞ս պետք է լրագրողները մասնակցեին այդ մրցույթին: Պետք է մասնակցե՞ին, թե՞ դիտորդի կարգավիճակով ուղղակի ներկա գտնվեին /ինչը ևս կարգավորված է դպրոցի տնօրենի մրցութային կարգով/:
Այս օրինակները ամենևին լեզվի սայթակումներ չեն, այլ որոշակի աշխատաոճի ապացույցներ: Իմ աշխատանքային ճակատագիրը` Ձեր պաշտոնավարության ընթացքում, այդ ոճի տիպիկ օրինակներից է:
2013 թ. Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցից անհիմն բռնագանձվեց ավելի քան 7.000.000 ՀՀ դրամ՝ հօգուտ աշխատանքում փաստացի չվերականգնված, աշխատանքից ազատվելուց հետո դպրոցում ոչ մի օր չաշխատած ուսուցչի: Կատարվածի աբսուրդը կայանում էր նրանում, որ տվյալ գումարի «հաշվարկը» կատարվել էր բողոքաբեր ուսուցչի կողմից դպրոցում գոյություն չունեցող մեկ ամբողջական դրույքի և դրան համապատասխան աշխատավարձի չափով:
Դուք՝ որպես պետական լիազորված մարմնի ղեկավար, իսկությունը պարզելու նպատակով, Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին պատվիրեցիք տվյալ հիմնախնդրի փորձաքննությունը:
Փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ Վանաձորի թիվ 8 դպրոցը 2000-2013 թթ. ընթացքում երբևիցե չի ունեցել ինֆորմատիկայի մեկ ամբողջական դրույք /այսինքն, շաբաթական 22 ժամ/, հետևաբար գոյություն չունեցող դրույքաչափով և դրան համապատասխան աշխատավարձի չափով, կրած վնասների տոկոսներով հաշվարկված 7.183.000 դրամի դպրոցից բռնագանձումը անհիմն էր և անօրինական:
Ստանալով փորձաքննության եզրակացությունը, Դուք՝ որպես պետական լիազորված մարմնի ղեկավար, պարտավոր էիք պաշտպանել պետական դպրոցի շահերը, աշակերտության շահերը, քանի որ բռնագանձված 7.183.000 դրամից 5.500.000-ը նպատակային գումար էր՝ դասագրքերի տպագրության համար նախատեսված տարիների ընթացքում ծնողների կողմից հավաքագրված գումար, որը խլվեց աշակերտներից:
Սակայն ինչպե՞ս վարվեցիք Դուք: Լռության մատնեցիք, թաքցրեցիք այդ կարևոր փաստաթղթի գոյությունը, «կորցրեցիք» այն: Ձեր փոխարեն Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Սայադյանը հայտարարեց, որ ինքը և Դուք նպատակահարմար չեք գտնում այդ փաստաթղթին ընթացք տալու: Փոխարենը Դուք ընտրեցիք հիմնախնդրի լուծման ավելի դյուրին տարբերակ. քավության նոխազ «նշանակելով» դպրոցի տնօրենին՝ Կարինե Ստեփանյանիս 2013 թ. սեպտեմբերին անվստահության հոդվածով ազատեցիք աշխատանքից:
Շատ հեշտ ու հանգիստ խաչ քաշեցիք իմ ամբողջ աշխատանքային ճակատագրի վրա, պարգևելով աշխատանքից ազատման այնպիսի հոդված, որի առկայությամբ ես այլևս ոչ մի տեղ չէի կարող աշխատել: Սակայն ես վերականգնվեցի աշխատանքում դատական կարգով: Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում իմ բախտին էին արժանացել Լոռու մարզի Արջուտի և Շիրակամուտի դպրոցների տնօրենները, որոնք ևս վերականգնվեցին աշխատանքում դատական կարգով: Այդ ամենը Ձեզ ոչինչ չի՞ ասում:
Աշխատանքում իմ վերականգնվելուց հետո Դուք ռեգրեսիվ հայցով դիմեցիք դատարան՝ Կարինե Ստեփանյանիցս այդ շինծու 7.183.000 դրամը հօգուտ Վանաձորի թիվ 8 դպրոցի բռնագանձելու պահանջով: Դատական գործի ելքը կանխատեսելի էր ի սկզբանե:
2016 թ. մայիսից սկսվեցին աշխատավարձիս 50%-ի բռնագանձումները, այնուհետև կատարվեց ինձ պատկանող անձնական գույքի բռնագանձում:
2016 թ. դեկտեմբերի 15-ին լրացավ իմ պաշտոնավարության 5 տարվա ժամկետը: Ես այս նամակով տեղեկացնում եմ Ձեզ, որ չեմ մասնակցելու Վանաձորի թիվ 8 հ/դպրոցի տնօրենի թափուր տեղի համար առաջիկա մրցույթին, չեմ աշխատելու, քանի որ աշխատելով ես օգնում եմ Ձեզ և Սայադյանին կոծկելու, լռությամբ շրջանցելու այս խայտառակ, իր նախադեպը չունեցող գործը: Իմ չաշխատելու դեպքում բռնագանձումները կդադարեն/արդեն իսկ դադարել են/, քանի որ իմ եկամտի միակ աղբյուրը դպրոցի տնօրենի աշխատավարձն էր. իմ անունով անշարժ գույք չունեմ, իսկ որոշակի արժեք ներկայացնող իրերը արդեն բռնագանձվել են:
Ուստի նշված գումարի հիմնախնդիրը նորից դառնում է օրակարգի հարց: Կարծում եմ այս ամգամ կպարզվեն գումարի չափը հորինողները, ուռճացնողները, կհայտնաբերվեն իրական մեղավորները: Քավության նոխազ այլևս ՉԿԱ: Այսուհետ այդ գումարի հետ կապված պրոբլեմը Ձերն է, և Դուք ու Սայադյանը պետք է մտացեք, այդ գումարը դպրոցին վերադարձնելու ելքը փնտրեք, ինչպես նաև պատասխանեք այդ գումարի ծագման, ուռճացման հետ կապված տրվելիք հարցերին:
Մասնավորապես, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր անգործությունը, որի արդյունքում կողոպտվեց դպրոցը և աշակերտությունը: Ինչու՞ ձեռքի տակ ունենալով փորձաքննության եզրակացությունը, Դուք ոչ մի քայլ, ոչ մի գործողություն չձեռնարկեցի՞ք՝ դպրոցը պաշտպանելու ուղղությամբ:
Հեռանում եմ հանգիստ ու հպարտ, ինձանից հետո թողնելով բարեկիրթ, բանիմաց աշակերտություն, իրենց գործին նվիրված, բարձրորակ ուսուցիչների և մանկավարժական աշխատողնելի առողջ կոլեկտիվ, լավ պահած, խնամված դպրոցական շենք, որի կառուցման գործում փոքր չի եղել իմ մասնակցությունը, թողնում եմ իմ ձեռքով տնկած պտղատու այգի, գեղեցիկ ծաղկանոց:
Իսկ ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո Դուք, պարոն մարզպետ:
Ձեր պաշտոնավարության շրջանում ծագած և հանգուցալուծում չստացած բազում հիմնախնդիրնե՛ր, բնակչության աղքատացման և արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող Լոռու մա՛րզ և մարզպետարանում շքեղ աշխատասենյա՛ կ:
Ի դեպ, Գուգարքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Ս.Մացակյանի հայտարարությունը Ձեր ունեցած սև ու սպիտակ ցուցակների մասին իրականություն է: Ուղղակի դա Ձեր ցուցակները չեն, այլ Մինաս Սայադյանի: Դուք ընդամենը Ձեր որոշումներով վերջինի կողմից մատնանշված անձանց կամ պարգևատրում եք կամ աշխատանքից դուրս շպրտում. պայմանավորված այն հանգամանքով, թե տվյալ անձը ինչպիսի հարաբերությունների մեջ է անձամբ Սայադյանի հետ: Ահավասիկ իմ օրինակը. աշխատանքում իմ վերականգնվելը այնքան էր խոցել Սայադյանի սիրտը, որ դրանից հետո անցած 2.5 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չցանկացավ ՝ որպես համակարգի ղեկավար, հանդիպել ինձ հետ և դպրոցի կյանքին վերաբերող հարցերը քննարկում էր ուսումնական գծով տնօրենի տեղակալի հետ, իսկ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ստանում էր իրեն հոգեհարազատ շարքային ուսուցչուհուց:
Գիտակցումը, որ այլևս չեմ աշխատելու Ձեր և Սայադյանի ենթակայությամբ, վերադարձնում է հարգանքս անձիս նկատմամբ:
Հ.Գ. Պարոն մարզպետ, սույն նամակը խնդրում եմ ընդունել նաև որպես ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում»:







































