Բացարձակ սուտ է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իսկ զրպարտության համար ես պատրաստվում եմ դիմել դատարան»,- shamshyan.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսա Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը առևանգել Լիանա Շահբազյանի «Պորշ Կայեն» ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է գրել ոստիկանություն այն մասին, որ չկարողանալով վերադարձնել մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից վերցրած հինգ միլիոն դրամ պարտքը՝ առաջարկել է գրավադնել իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, սակայն պատգամավորի փեսան՝ Վարդան Հարությունյանը, առևանգել է մեքենան, իսկ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է կնոջը և վերջինիս աղջկան:
Լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կայքը փորձել է կապ հաստատել, սակայն հանրապետությունից բացակայելու պատճառով shamshyan.com-ին չի հաջողվել զրուցել Աշոտ Աղաբաբյանի հետ:
Փոխարենը հարցերին պատասխանել է ԱԺ պատգամավորի փեսան՝ Վարդան Հարությունյանը: Հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնելուց՝ Վարդան Հարությունյանն ասել է, որ ուզում է նշել միայն, որ տարօրինակ չէ՞ արդյոք, որ մատուցողուհի-հավաքարար աշխատող անձնավորությունը կարող է տներ, տարածքներ, խանութ ու «Պորշ Կայեն» ավտոմեքենա ունենալ, եթե մարդ ապրում է միայն աշխատավարձով:
Հարցին, թե ինչո՞վ է բացատրում նման կարողությունը, մեր զրուցակիցն ակնարկել է, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը, չարաշահելով իր հանդեպ Աշոտ Աղաբաբյանի ունեցած վստահությունը, բոլոր հնարավոր և անհնար անձանցից որպես պարտք հսկայական գումարներ է յուրացրել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































