ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանը կուսակցության առաջնորդն է, և ոչ մի պատճառ չկա, որ նա չգլխավորի կուսակցության ցուցակը:
Բաղդասարյանի հայտարարությունը բավականին նուրբ ակնարկ է այն մասին, որ ՀՀԿ ներկայիս, այսպես ասած, մեծամասնության համար ընդունելի կամ հասկանալի չի լինի, եթե ՀՀԿ կուսակցական համամասնական ցուցակը գլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը այդ մեծամասնության մեսիջն է Սերժ Սարգսյանին: Սարգսյանը կընդունի այն ի գիտություն, թե ուշադրության չի արժանացնի՝ այլ հարց է:
Կասկածից վեր է, որ եթե Սերժ Սարգսյանը ասի, որ ցուցակը պետք է գլխավորի Կարեն Կարապետյանը, ՀՀԿ-ն հնազանդ կերպով արդեն իսկ միայն այդ խոսքը կհամարի պատճառ, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը: Բայց ՀՀԿ մեծամասնությունը հայտնում է իր դժոհությունը այդ կապակցությամբ:
Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ ցուցակային սուբորդինացիան կամ հիերարխիան չէ: Բոլորն էլ լավ հասկանում են, որ ցուցակի գլխավորումը ընդամենը արտացոլելու է ընդհանուր տենդենցները, որ զարգանում են ՀՀԿ ներսում: Դրանցում, համենայնդեպս՝ առայժմ, ՀՀԿ-ին անընդհատ պարտադրվում է Կարեն Կարապետյանի «գերազանցությունը»: Առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո, որը արդեն հինգ րոպե պակաս իրականություն է, և որը, իհարկե, չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի հավանության:
Եթե ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի Կարեն Կարապետյանը, ապա դա ընդհանրապես կնշանակի, որ ՀՀԿ մեծամասնությանը ընդամենը տրվում է «ռեյտինգային» մեխանիզմում «սևագործի» կարգավիճակ, իսկ «պարահանդեսի» հրամանատարները լինելու են մի կողմից՝ Կարեն Կարապետյանը, մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը: Դա կնշանակի, որ ՀՀԿ-ն դե յուրե մնալով իշխանության՝ դե ֆակտո սկսել է կորցնել այդ իշխանությունը, իհարկե՝ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո:
Սերժ Սարգսյանն էլ, ՀՀԿ-ն էլ՝ իր ներկայիս մեծամասնության կազմով, իհարկե, ըստ էության աստիճանաբար գալիս են այն եզրահանգման, որ այլևս հնարավոր չէ միմյանց հետ պահել իշխանություն, և այն պետք է կորցնի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:








































