Նոյեմբերի վերջից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսելու է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մինվոդի և Վորոնեժ: Սա ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել հայկական միակ փոխադրողի՝ «Արմենիա» ավիաընկերության համար: Այս և թեմայի վերաբերյալ մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
«Տնտեսությունը, ըստ էության, զարգանալու հեոանկարներով սպառողին սկսում է մատուցել ավելի որակյալ և ավելի մատչելի ծառայություն, բայց մյուս կողմից՝ եթե այս պրոցեսն սկսում է իրականացվել այնպես, որ տնտեսական բալանսը սկսում է խախտվել, սպառողը հայտնվում է ռիսկային գոտում, որովհետև այսօր վճարում է ցածր գին, բայց տնտեսությունը չի զարգանում, հետևաբար վաղը կարող ենք ունենալ այնպիսի տնտեսական իրավիճակ, երբ սպառողն արդեն չունենա ընտրության հնարավորություն և ստիպված լինի վճարել ավելի թանկ: Այսինքն՝ այսօր երբ սպառողը վճարում է ցածր գին, միայն սպառողի շահերի տեսանկյունից ողջունելի է: Ցածր գնով տոմս ունենալու ռիսկը բացառապես այն է, որ վաղը կարող է խնդիր առաջանալ:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր «բաց երկնքի քաղաքականություն», որն ուղղակի ծաղրի էր նման. ընդամենը նայում էինք հարևան երկրների օդային քարտեզները և տեսնում էինք թե ինչպիսի հագեցվածոթյուն ունեին նրանք, և ինչպիսին ունեինք մենք, և սպառողը մատչելի գինը չէր տեսնում:
Այս պարագայում ռիսկերը բարձր չեն, որովհետև նախ՝ թռիչքները սկսվում են Գյումրիից, երկրորդ՝ չունենք հստակ ժամանակացույց, թե որքան ժամանակ է սա տևելու: Ո՛չ ուզում եմ ավելորդ ոգևորվել, ո՛չ էլ ավելորդ զգուշավորություն և վախեր ցուցաբերել: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք իրատեսական է չվերթի համար 10 000 դրամ գինը: Եթե հաշվարկները ցույց տան, որ սա բավականին բարձր ռիսկեր է պարունակում տնտեսության համար, ապա պետությունն ունի համապատասխան կառույցներով գործիքակազմեր այդ ամենը կանխարգելելու նպատակով:
Ինչ վերաբեում է առաջին հայացքից թվացող ռիսկերին, ապա կարող եմ պնդել, որ եվրոպական զարգացած երկրներում շատ ավելի մատչելի գներով շատ ավելի մեծ հեռավորություններ են տեղափոխում համապատասխան սեզոնին:
Տվյալ պարագայում ոչ թե պետք է խոչընդոտել ազատ շուկայական հարաբերությունների զարգացումը, այլ հայրենականին պետք է որոշակի արտոնություններ տալ, որպեսզի կարողանա դառնալ մրցունակ ավելի կայացած ընկերությունների կողքին»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Մանրմասները՝ տեսանյութում:








































