Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ռուս-թուրքական սիրիական սիրախաղ՝ ղարաբաղյան ելևէջներով

 Ու քանի դեռ այդ հարցով անորոշությունները փարատված կամ վերացված չեն, Մոսկվան առայժմ չի էլ շտապում դրա դիմաց որևէ մեկին վճարել՝ ո՛չ սիրիական գետնի վրա առարկայորեն պահանջված Թուրքիային, ո՛չ էլ առավել ևս իրեն սոսկ քաղաքական դիրքավորմամբ սատարող Ադրբեջանին… Հընթացս էլ Երևանին է պահում «թուրքական դողէրոցքի մեջ» ու նրանից կորզում անհրաժեշտ որոշումները:
ԱՆԿԱՐԱՅԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՎԵՐԹԱՐՄԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ

Հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան «ԴԱԵՇ-ը (Իսլամական պետությունը-Ս.Ս.) արմատախիլ անելու ուղղությամբ» թուրքական զինուժի «ձեռքբերումներն ու նպատակները» պարզելու կարճ հարցի համատեքստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուից հետաքրքվեց, թե «ի՞նչ է անելու Թուրքիան ղարաբաղյան խնդրի լուծման կապակցությամբ, քանի որ նա նույնպես Մինսկի խմբի անդամ է: Կարո՞ղ եք որոշ թարմ տեղեկատվություն տրամադրել մեզ, թե ի՞նչ է այժմ անում Թուրքիան»[1]:

Ի պատասխան պատվիրված ու սպասված հարցի՝ Չավուշօղլուն սիրիական խնդրով Անկարայի մոտեցումներն ու գործողությունները ներկայացնելուց հետո հայտարարեց. «Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Մենք նաև անկեղծ ջանքեր ենք գործադրել Հայաստանի հետ մեր հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ։ Ըստ էության՝ Շվեյցարիայում արձանագրություն ենք ստորագրել, որը, սակայն, ցավոք, արդյունք չտվեց։

Մինսկի խումբը՝ «Մինսկ-3-ը» (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան-Ս.Ս.), և Ռուսաստանն այսօր որոշ կառուցողական առաջարկություններ ունեն: Ադրբեջանի առնվազն հինգ օկուպացված շրջաններից Հայաստանի դուրս գալը քննարկման օրակարգում է: Դա մի բան է, որը մենք շարունակում ենք քննարկել։ Եվ մենք գտնում ենք, որ եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք պատրաստ կլինենք աջակցել ցանկացած որոշման, որին կողմ կլինի Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք նորմալացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և եթե այդ խնդիրը լուծվի, ապա … Մենք չպետք է Հարավային Կովկասում նման վտանգի հետ ապրենք:  Ինչու՞ մենք չենք  կարողանում այն լուծել։ Եվ ես գտնում եմ, որ Մինսկի խումբը նույնպես պետք է ավելի մեծ ու անկեղծ ջանքեր գործադրի, իսկ մյուս սառեցված հակամարտություններն էլ պետք է լուծվեն այս շրջանակում»:

Çavuşoğlu:

Լուսանկար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Ստրասբուրգ, 12 հոկտեմբերի, 2016թ.

Թե ինչու Ստրասբուրգում թուրք-ադրբեջանական տանդեմը հիշեց ղարաբաղյան խնդիրն ու վերստին փորձեց սեղանին դնել հայ-թուրքական նորմալացման ու ղարաբաղյան խնդրի՝ այլևս «անբաժանելի» էրդողանյան թնջուկը, որն աշխարհին լուծել չհաջողվեց 2008-2010թթ., դժվար թե բացառապես կամ առավելապես պայմանավորված լիներ հայկական պատվիրակությանը հակահարված տալու մտադրութամբ:

Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «հետհեղաշրջումային» Թուրքիայի ներքին-ժողովրդավարական մտահոգիչ իրավիճակին նվիրված քննարկումների ժամանակ, որոնց հրավիրվել էր նաև Թուրքիայի ԱԳ նախարարը, ոչ միայն եվրոպացի խորհրդարանականները, այլ նաև՝ հայկական պատվիրակությունը բանավոր ու գրավոր առաջարկել էին Թուրքիայի նկատմամբ վերստին ԵԽ մշտադիտարկում սահմանել:

Ղարաբաղյան խնդրով վերջին զարգացումներն ու ակտիվացումները թերևս ստիպում են ԼՂ խնդրի վերաբերյալ արված այս և մյուս փոխկապված հայտարարություններին նայել ավելի լայն խաղի համատեքստում, որտեղ սիրիական հարցն առանցքն է, իսկ այդ թեժացող տարածագոտում Ռուսաստանի ու ԱՄՆ գործողությունները բացահայտ և օրեցօր առճակատման դաշտ են տեղափոխվում:

Հետևաբար, այդ խորապատկերին Ռուսաստանի հետ վերստին սիրախաղի բռնված Թուրքիայի քաղաքական կշիռը մեծացել է թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի համար. Անկարան հստակ գիտի, որ Հալեպի և Մոսուլի շուրջ թեժացող իրավիճակում որևէ ճամբարում իր հայտնվելը կամ չհայտնվելն էական է երկու ախոյանների շահերի հետագա իրացման տեսանկյունից, ուստի փորձում է ձեռքի հետ լուծել նաև կրտսեր եղբոր հարցը, ինչը նաև իրեն է թույլ տալիս ցատկել Կովկաս՝ նրա անվտանգության զգայուն հարցերի զարկերակներով:

Ըստ այդմ՝ պաշտոնական Անկարան զորակցություն է հայտնում Պուտինի հովանու ներքո հունիսի 20-ին կազմակերպված սանկտպետերուրգյան հանդիպման պայմանավորվածություններին ու գործընթացին, ինչը ազդանշանային է այն իմաստով, որ ՌԴ նախագահի նախաձեռնած այդ հանդիպումը, որի հետ Ադրբեջանի նախագահը մեծ հույսեր է կապում «առաջիկայում բեկում արձանագրելու» առումով, հակաքայլն էր ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման:

Այդպիսով, Թուրքիան դիվանագիտորեն արտահայտվում է Վ.Պուտինի հետապնդած օրակարգի ու ռուսական պլանի օգտին՝ ձեռքի հետ տարակուսանք հայտնելով ընդհանրապես Մինսկի խմբի գործունեության կապակցությամբ, որի «նվազ ջանքերի ու անկեղծության պատճառով» մինչ այժմ «Հարավային Կովկասում նման վտանգի հետ են ապրում»: Անկարան հերթական անգամ ակնարկում է, որ տեղ և դեր է ուզում Մինսկի խմբի համանախագահությունում…

ՄՈՍԿՎԱՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ. ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ…

Էրդողանի հիշյալ հայտարարություններից երկու օր անց՝ հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ Խորհրդի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հենց Երևանից արձագանքում է իր թուրք գործընկերոջ ստրասբուրգյան ուղերձներին[2].

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: <…> Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, դա առանց կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացն առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»:

Image result for одкб ереван

Լուսանկար: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Երևան

Ուշադրություն դարձնենք, որ Լավրովը խոսում է ոչ թե Թուրքիայի կողմից Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումից… Հնչեցվածը վրիպակ չէ, այն էլ՝ Լավրովի նման փորձառու դիվանագետի պարագայում, քանի որ հենց այդ կերպ նա երկու խնդիրները՝ հայ-թուրքական նորմալացումն ու ղարաբաղյան խնդրի լուծումը, ավելի կարճ ձևով է իրար կապում: Որքան էլ երկրորդ նախադասությամբ Լավրովն ընդգծում է դրանք իրար չկապակցելու անհրաժեշտությունը, երրորդում ուղղակիորեն առաջ է բերում թուրքական նախապայմանը. ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացն առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, այսինքն՝ նախ ղարաբաղյան խնդրի լուծումը, հետո հայ-թուրքական նորմալացումն ու ապաշրջափակումը: Մի բան, որն այս անգամ Չավուշօղլուն չէր ասել Ստրասբուրգում՝ իր համապատասխան նախադասությունն ավարտելով բազմակետերով՝ Մենք ցանկանում ենք նորմալացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և եթե այդ խնդիրը լուծվի, ապա …

Հենց բազմակետերից հետո շարունակությունն էլ ինքնուրույնաբար լրացրել էին թուրքական ու այն արտատպած ադրբեջանական լրատվամիջոցները՝ «…ապա մենք Ադրբեջանում նույն կայունությունը կտեսնենք»[3]: Ասել է թե՝ Անկարան անգամ չի էլ խոստանում «ղարաբաղյան խնդրով առաջընթացից հետո» ապաշրջափակել Հայաստանն ու նորմալացնել նրա հետ իր հարաբերությունները: Ավելին՝ Չավուշօղլուի պատասխանները շարադրած թուրքական բնօրինակում՝ Haberler.com լրատվամիջոցի լուսաբանման մեջ նաև որոշ նախադասություններ էին ավելացվել Չավուշօղլուի խոսքերին (չի բացառվում՝ հենց Մ.Չավուշօղլուի հետ համաձայնեցված), որոնք մեխանիկորեն արտատպել էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Այսպես՝ Թուրքիայի ԱԳ նախարարի ստրասբուրգյան պատասխանում բացակայում է «Ռուսաստանը մեզ հետ կիսվել է այդ առաջարկությամբ, իսկ Թուրքիան աջակցել է նրան։ Դա քննարկել ենք նաև ադրբեջանական կողմի հետ» նախադասությունները, որոնք առկա են թուրքական ու ադրբեջանական տպագիր տարբերակներում[4]։

Մինչդեռ այդ ավելացումներից հրճված ադրբեջանական լրատվամիջոցները և դրանցից հատկապես Հայաստանի հանրային կարծիքը թիրախավորած քարոզչամիջոցներն ավելի առաջ էին գնացել ու հենց վերնագիր դարձրել իրենց շոյող բովանդակությունը՝ «Չավուշօղլու. Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Ղարաբաղի հարցում»: Ինչպես նաև թուրքական բնօրինակի վերնագիրը՝ «Չավուշօղլու. օրակարգում է Ադրբեջանի առնվազն 5 շրջաններից Հայաստանի դուրս գալը», ադրբեջանական տարբերակների տեքստային մասում «վերաշարադրվել» էին որպես «Հայաստանի կողմից օկուպացված հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին»[5]:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանի[6] համատեքստում այս մանրուքը կարևոր է դառնում, քանզի անգամ 5 շրջաններից հայկական զինուժի դուրս բերումը Կրեմլի հեռահար նպատակների համատեքստում ենթադրում է այնտեղ ռուսական խաղաղապահների տեղակայում, այլ ոչ այնքան դրանց վերադարձ Ադրբեջանի բացարձակ ինքնիշխանության ներքո: Իսկ Անկարան ու Բաքուն այսպիսի մանիպուլյացիաներով, ի թիվս Մոսկվային ուղերձ հղելը, նաև քարոզչական դաշտում էին փորձում տպավորություն ստեղծել, թե հիշյալ խնդրով քննարկումներն ընթանում են Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունով՝ փորձելով էլ ավելի թունավորել հայ-ռուսական երերուն հարաբերությունները:

Վերադառնալով Չավուշօղլուի «ղարաբաղյան ուղերձի» բովանդակությանը՝ նկատենք, որ այդպիսով Թուրքիայի ԱԳ նախարարը ռուսական պլանն ու ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծումը դիտարկում է որպես «Ադրբեջանի կայունացման քայլ» (համեմատության համար հիշեցնենք, որ 2008-2010թթ. պաշտոնական Անկարան դա համարում էր Հայաստանի հետ արձանագրությունները վավերացնելու ու սահմանը վերաբացելու նախապայման), իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ «Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման քայլ»:

Image result for Сергей Лавров Чавушоглу

Լուսանկար: Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Մեվլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը

Նշաձողի/նախապայմանի այսպիսի իջեցման ու փոխակերպման գլխավոր պատճառը սիրիական հարցն է, որտեղ Ռուսաստանը փորձում է ամեն ինչ վերցնել իր վերահսկողության տակ ու իր դեմ Արևմուտքի պատժամիջոցների խստացման խորապատկերին Սիրիայից իսպառ դուրս մղել ԱՄՆ-ին, ինչի հարցում էլ Թուրքիայի աջակցությունը կարևոր է: Կրեմլի համար թքած, որ այս մի գործարքում էլ վճարողը Հայաստանն է, կամ էլ ուզում է այդպիսի վտանգ կամ պատրանք ստեղծել, որը Երևանին իրենից ավելի կախյալ է դարձնում ու նրան դրդում ավելին վճարել ռուսական պաշտպանության, ավելի ստույգ՝ Ռուսաստանից իրեն պաշտպանելու դիմաց…

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՂԱՎԱՂՎԵԼ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է…

Ուշագրավ էր պաշտոնական Երևանի արձագանքն այս ամենին: Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունները[7] բացառապես վեաբերում էին Չավուշօղլուի ստրասբուրգյան ելույթին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության»:

ԱԳՆ-ը հարկ էր համարել հիշեցնել նաև, որ «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով էլ հնչեցվել էր, որ «եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»:  Նկատելի է, որ Երևանը դրանց մասին խոսում է անցյալ ժամանակային ձևով՝ գիտացելով այն վտանգը, որը կառաջանա, երբ Անկարային առաջարկի մոտ ապագայում կրկին վերադառնալ արձանագրություններին ու դրանք շահարկել որպես քաղաքական գործիք…

Հոկտեմբերի 14-ից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ նախարարը պատասխանեց Չավուշօղլուին, կարծես թե Հայաստանի ԱԳՆ-ում ավելի լավ հասկացան, որ խնդիրը միայն Անկարայի նոր ինտրիգի մեջ չէ, այս ամենում կա նաև Մոսկվայի խնդիրը: Հետևաբար, պաշտոնական Երևանը հարկ համարեց օրեր անց վերստին պատասխանել Թուրքիայի հայտարարություններին՝ բայց այս անգամ իր արձագանքում ներառելով նաև «ռուսական բաղադրիչ», հատկապես, երբ կար Երևանում թղթին հանձնված Կրեմլի թարմացված դիրքորոշումը, այն էլ՝ Պուտինի ստորագրությամբ:

Image result for Shavarsh Kocharyan

Լուսանկար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

Հայաստանի ԱԳՆ-ը մի կողմից ներքուստ անհանգստացած էր Սերգեյ Լավրովի հայտարարություններից, մյուս կողմից էլ հրապարակային արձագանքներում դրանք համարում էր թուրքական ԱԳՆ-ի խեղաթյուրման հետևանք: Առավել հավանական է թվում, որ պաշտոնական Երևանն էլ նկատել էր ռուս և թուրք պաշտոնյաների ուղերձ-հայտարարություններում, ԶԼՄ-ներում դրանց անդրադարձներում մանրուք թվացող մանիպուլյացիաներն ու փոփոխությունները:

Այդուհանդերձ, Հայաստանի ԱԳՆ-ը նախընտրեց հրապարակավ իր վերաբերմունքն արտահայտել արտաքուստ Թուրքիայի ԱԳՆ-ին հասցեագրված, բայց ներքուստ նաև ՌԴ ԱԳ նախարարին ուղղված «հիշեցումներով»: Պաշտոնական Երևանը կարծես Անկարայի հետ դիվանագիտական մարտ էր վարում՝ նրա դեմ օգտագործելով հենց Մոսկվային, միաժամանակ վերջինիս էլ հիշեցնելով իր դիրքորոշումը, որի տակ անգամ կնիքի թանաքն ու ստորագրություն չէին չորացել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հետ «հաղորդակցության» այսպիսի ձևը Հայաստանի ԱԳՆ-ի համար նորություն չէ: Ամիսներ առաջ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի անթույլատրելի «գնահատականներին» ու ոչ կոռեկտ հարցադրումներին պատասխանելիս պաշտոնական Երևանը նույն ոճով ասելիքը հասցեագրել էր Ադրբեջանին ու ադրբեջանական լրատվամիջոցներին՝ «կուժ ասում եմ, կուլա լսիր» ասացվածքի հանգույն:

Ահավասիկ. հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը News.am լրատվամիջոցի հետ իր հերթական հարցուպատասխանով[8] առավել հանգամանորեն հակադարձեց Թուրքիայի ԱԳ նախարարի «ղարաբաղյան հայտին»՝ նախ հիշեցնելով, որ այդ խնդրով մասնավորապես Ռուսաստանի «ամենաթարմ դիրքորոշումը» ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հոկտեմբերի 14-ին ընդունած հայտարարությունն է, որտեղ Մոսկվան ու այն ստորագրած երկրներն աջակցություն են հայտնել թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ «ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»: Ասել է թե՝ «առնվազն 5 տարածքից Հայաստանի դուրս գալու» պարտավորություն չկա, քանի որ այժմ ընդամենն իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմաններ են ստեղծվում, և ոչ ավելին…

Քանի որ Չավուշօղլուն նաև ակնարկել էր, թե ինչ սկզբունքների շրջանակում պետք է լուծվեն բոլոր հակամարտությունները (տարածքային ամբողջականության) ու դրա հիմքի վրա համատեղ գործելու ռուս-թուրքական դավադիր պայմանավորվածության պատրանք էր ստեղծել, Շ. Քոչարյանը նաև հնչեցրեց, որ այդ հայտարարության համաձայն՝ «բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահությունում Թուրքիայի հայցած տեղին ու դերին, պաշտոնական Երևանը կրկին կոշտ ու միարժեք փակել էր հարցը. «Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսմանը»:

Այս մի պատասխանով էլ Հայաստանը հակադարձում է նրան, թե որքան «անկեղծ» են եղել Անկարայի ջանքերը ղարաբաղյան ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերում, և առաջարկում է որպես «անկեղծ ջանքի» հավաստիացում հակառակն ապացուցել՝ պարզապես բացել սահմանը (առանց հայ-թուրքական արձանագրությունների անունը տալու):

Սակայն ԱԳ նախարարի տեղակալը չտեսնելու է տալիս ТАСС գործակալությանը Լավրովի տված մեկնաբանություններում առկա «մետամորֆոզները», բայց շարունակում է դիվանագիտորեն հիշեցնել նաև Մոսկվային. «ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյ Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը»:

Դժվար թե ԱԳՆ փոխնախարարը չիմանար, որ հայտարարության սկզբնաղբյուրը ռուսական ТАСС-ն է, որը չէր աղավաղել չափազանց փորձառու և բաձրաստիճան ռուս դիվանագետի ռուսերեն արված հայտարարությունները, հատկապես, երբ դրանից հետո էլ Ռուսաստանի ԱԳՆ-ը ոչ մի պարզաբանում չտարածեց: Ի դեպ, 2016թ. հունիսի 9-ին նման նախադեպ գրանցվեց, երբ ТАСС[9] և Риа Новости[10] գործակալությունները ՌԴ ԱԳՆ-ի վրա հղումով ազդարարեցին Սանկտ-Պետերբուրգում սպասվելիք Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, սակայն ժամեր անց ԱԳՆ-ը ստիպված եղավ հերքում[11] տարածել՝ նշելով, որ նման տեղեկատվության տարածման իրավասությունը Ռուսաստանի նախագահականինն է: Իսկ այս դեպքում Ռուսաստանի ԱԳՆ-ը որևէ վրիպակի կամ աղավաղման մասին չխոսեց, մինչդեռ դրա մասին խոսում էր պաշտոնական Երևանը…

Իրականում ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, ինչպես հանգամանորեն փաստարկվեց, գիտակցված աղավաղել էին Չավուշօղլուի, բայց ոչ Լավրովի հայտարարությունները:

Այն, որ պաշտոնական Երևանը չէր ուզում հրապարակայնորեն «տեսնել ու մեկնաբանել» Մոսկվայի մանր խորամանկություն-բառախաղը, դրա վկայությունն էր նաև Սերգեյ Լավրովի հայտարարության կապակցությամբ հոկտեմբերի 17-ին արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանի գնահատականը. «Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևէ նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը: Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել»[12]:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Լուսանկար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Չնայած Ռուսաստանի մասով ծագած խնդրի մասին հրապարակավ չբարձրաձայնելուն՝ PanARMENIAN.Net-ում պաշտոնական Երևանի արձագանքի վերնագիրը՝ «ԱԳՆ պատասխանը Լավրովին. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների», վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն էլ կասկածներ ունի, որ Ռուսաստանը փորձում է բառախաղով նախապայմաններ փոխել ու հետ կանգնել հին դիրքորոշումից:

Մինչ օրս անփոփոխ թողնված, ապա նաև հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի շուրթերով վերահաստատվածը հենց դրա խոսուն վկայությունն էր: Իսկ թե ինչու և որքան լրջորեն է Մոսկվան տրամադրված փոխել իր հին՝ տարիների դիրքորոշումը, կանդրադառնանք վերլուծության ամենավերջում:

ԼՂ ՄԱՍԻՆ ՀԱՊԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ, ԿԱՄ ԵՐԵՎԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՖՈՐՄԱԼ ՄԻԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻՆ

Թերևս հենց մինչև այժմ դիվանագիտական աղմուկի առարկա չդարձած այս իրավիճակն էլ բացատրելու է գալիս այն «առեղծվածը», թե ինչու Ռուսաստանը կանխավ շահագրգռված չէր ՀԱՊԿ Խորհրդի երևանյան նիստում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցում. հոկտեմբերի 14-ին՝ ՀԱՊԿ-ի երևանյան նիստի մեկնարկից առաջ, երբ Լավրովը «ղարաբաղյան խնդրում Թուրքիայի կառուցողական դերի» կապակցությամբ ու վերը բացահայտված նյուանսներով արդեն իսկ ТАСС գործակալությամբ պատասխանել էր 2 օր առաջ իր թուրք գործընկերոջ ստրասբուրգյան ուղերձին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե երևանյան նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու. «Ոչ, այսօր ոչ»,-ասել էր նա[13]:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը Երևանում, 14 հոկտեմբերի, 2016թ.

Լուսանկար: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդի նստաշրջանը Երևանում, 14 հոկտեմբերի, 2016թ.

Սակայն, ի հակառակ դրա, գագաթաժողովի ավարտին ամփոփելով ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանի արդյունքները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց նման հայտարարության ընդունվելու մասին, անգամ շարադրեց դրա դրույթները, թեպետ նույն օրը տեքստ չհրապարակվեց: Հայտարարությունը պաշտոնապես հրապարակված չէր նաև հաջորդ օրերին, երբ, օրինակ, հոկտեմբերի 16-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳՆ-ին պատասխանելիս վկայակոչում էր այն: Հոկտեմբերի 14-ով թվագրված հայտարարությունը հայերեն ու ռուսերեն լեզուներով Հայաստանի արտգործնախարարությունն իր պաշտոնական էջում տեղադրեց միայն հոկտեմբերի 18-ին[14]:

Կարևոր է այն հարցի պատասխանը, թե արդյոք հայտարարության հրապարակումը Մոսկվայի ու Երևանի կողմից կատարվել է փոխհամաձայնեցված, թե այլ բարդություններ են եղել դրա համար, որոնք հաղթահարվել են: Իսկ միգուցե Մոսկվա՞ն է Երևանին խնդրել կամ հորդորել, որ դա հրապարակվի այն նույն օրը, երբ ռուսական Россия 24 հեռուստաընկերությամբ կցուցադրվեր Իլհամ Ալիևի հարցազրույցը:

Հիշյալ հայտարարությունից զատ, թերևս, ուշադրության արժանի են ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովում ընդունված այլ փաստաթղթեր ևս, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են Սիրիային ու ահաբեկչության դեմ միջազգային պայքարին:

Այսպես, Կազմակերպության ընդունած երևանյան ամփոփիչ հայտարարության[15] մեջ հռչակվում է, որ «ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրն է մնում անդամ-պետությունների համար միջազգային ահաբեկչության՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով, <…> դեմ պայքարի ընդհանուր գծի մշակումը: <…> Մենք ելնում ենք նրանից, որ հակաահաբեկչական պայքարը պետք է կառուցվի միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիման վրա՝ ՄԱԿ-ի ու նրա Անվտանգության Խորհրդի առանցքային համակարգող դերի պայմաններում: Համարում ենք, որ միջազգային հանրության համատեղ գործողությունները պետք է ուղղված լինեն միջազգային ահաբեկչության ռազմական պոտենցիալի ոչնչացմանը, նրա տեղեկատվական, ֆինանսական ու նյութատեխնիկական մատակարարման համար հուսալի արգելքի ստեղծմանը և նախատեսեն հետհակամարտությունային տարածաշրջաններում ու երկրներում խաղաղության վերականգնումն ու կայունացումը: Կազմակեպության առջև այդ ուղղությամբ ծառացած  խնդիրների լուծման համար նստաշրջանում հաստատվել են միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու լրացուցիչ միջոցառումներ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման մեխանիզմ»:

Հայտարարությունից մեջբերված հատվածն ինքնին վկայում է, թե որքան կարևոր է դարձել Ռուսաստանի համար իր «միջազգային հակաահաբեկչական գործողություններում» դաշնակիցների ձեռքբերումն ու յուրային ճամբարի ձևավորումը, երբ դրա անդամները բառացիորեն կկիսեն իր դիրքորոշումներն ու ռազմավարությունները տարբեր տարածաշրջաններում ու երկրներում, այդ թվում և այս պահին առաջին հերթին՝ Սիրիայում: Մյուս կողմից էլ Մոսկվայի համար կարևոր է խոչընդոտել մրցակցի՝ Արևմուտքի ու ԱՄՆ-ի միջազգային հակաահաբեկչական գործողություններին՝ զորօրինակ, ահաբեկչական ճանաչելով այն կազմակերպությունները, որոնք Վաշինգտոնն այդպիսին չի համարում Սիրիայում, և այդ գնահատականը փաթաթելով նաև ՀԱՊԿ անդամ երկրների վրա:

Այդպիսի նպատակներ է հետապնդում նաև Հայտարարության՝ բուն Սիրիային վերաբերող պարբերությունը. «Հայտարարում ենք մեր նվիրվածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության ու տարածքային ամբողջականության պահպանմանը, ահաբեկչական վտանգի շուտափույթ վերացմանը և երկարաժամկետ քաղաքական կարգավորման ձեռքբերմանը՝ հանուն բոլոր սիրիացիների շահերի»:

Նման ձևակերպման ներքո կարելի է հստակ տեսնել հատկապես հոկտեմբերի ընթացքում Հալեպում ու դրանից առաջ Սիրիայի այլ հատվածներում ռուսական օդուժի աջակցությամբ Ասադի կառավարական բանակի իրականացրած ռազմական գործողություններին, սիրիական ճգնաժամի կարգավորման Կրեմլի տեսլականին հավաքական աջակցություն կորզելու Մոսկվայի հեռահար նպատակները:

Image result for россия в сирии

Լուսանկար: Ցույց՝ ի աջակցություն Բաշար Ասադի ու Սիրիայում Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի գործողությունների

Արձանագրել է պետք, որ Երևանը և ՀԱՊԿ մյուս մայրաքաղաքները ֆորմալ միացել են այս ամենին: Հայաստանում միգուցե համարեն, որ Ռուսաստանի սիրիական արշավին Երևանի միանալու դիմաց ԼՂ խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարության կորզումը հաջողված բարտեր է:

Սակայն դա միայն արտաքուստ է այդպես թվում, քանզի Հայաստանի ու Արցախի հանդեպ ՀԱՊԿ որդեգրած խայտառակ պահվածքից[16] զատ Մոսկվայի համար ղարաբաղյան ելևէջներով սիրիական խաղն ավարտված չէ: Այն միայն նոր է սկսվում, որտեղ Ադրբեջանն էլ իր ակնկալիքներն ունի թե՛ հակամարտության կարգավորման՝ իրեն ցանկալի ուղղվածության, թե՛ Մինսկի խմբում Անկարային տեսնելու և թե՛ ընդհանրապես իր կողմից Ռուսաստանի սիրիական ռազմավարությանն աջակցելու դիմաց:

ՄՈՍԿՎԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ. ԱԼԻԵՎԻ ՊՈՒՏԻՆՅԱՆ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մոսկվայի հետ Բաքու-Անկարա տանդեմում համաձայնեցված նոր խաղի առաջին բացահայտումը դարձավ Россия 24 հեռուստաընկերությանը՝ Դ.Կիսիլյովին Իլհամ Ալիևի տված հարցազրույցի[17] մեջ սիրիական ու ղարաբաղյան խնդիրների ուրվագծվող կապը:

Ընդհանուր առմամբ՝ Կրեմլը Կիսիլյովի շուրթերով հետախուզում էր Բաքվին՝ որքանո՞վ է «հաճախորդը հասունացած», այսինքն՝ որքա՞ն ամուր է Ադրբեջանը կանգնած Ռուսաստանի հակաարևմտյան պլատֆորմի վրա ժողովրդավարության, սիրիական, ԵՏՄ-ի, Ռուսաստանից սպառազինություն գնելու, ղարաբաղյան հակամարտության ու այլ հարցերում:

Բաքուն պաշտպանում է Կրեմլի ղարաբաղյան պլանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բաքվի «անխախտ» տեսլականի վերաբերյալ Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում և չի կարող քննարկման առարկա դառնալ, մենք չենք համաձայնի տրամադրել Ղարաբաղին անկախ կարգավիճակ, և հայկական կողմը սա շատ լավ գիտի։ Սակայն խելացի փոխզիջում հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսունակության, ինքնավարության ապահովումը, ինչպես նաև ադրբեջանական ներդրումային ծրագրերի իրականացումը Ղարաբաղում։ Ինչպես նաև ազգերի խաղաղ գոյատևումն այս տարածքում մի պայմանով՝ որ Հայաստանն ազատի Ղարաբաղի շուրջ շրջանները», – հարցազրույցում ասել է Ալիևը՝ հավելելով. «Այսպիսին է, մեր պատկերացմամբ, խնդրի կարգավորումը։ Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնց շուրջ մենք հիմա աշխատում ենք, և որոնք միջնորդներն առաջ են քաշում»:[18]

Ի պատասխան Դմիտրի Կիսելյովի ճշտող հարցի, թե արդյոք հենց այս է Ադրբեջանի նախագահի պատկերացմամբ փոխզիջումն Ադրբեջանի կողմից, կրտսեր Ալիևը հավելել է՝ կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման, ապագայում՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու տեսքով, սակայն, նախ և առաջ, հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղի շուրջ շրջաններից։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ նաև հայտարարել է, թե բանակցությունները դոփում են տեղում հայկական կողմի ոչ-կառուցողական դիրքորոշման պատճառով. «Առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման այդ տարածաշրջանը, այսինքն՝ Ղարաբաղը, նորմալ չի զարգանա։ <…> Մենք խաղաղություն ենք ուզում, և մեր դիրքորոշումը կառուցողական է, իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, սակայն չի ուզում վերադարձնել ուրիշի տարածքները»:

Image result for Путин и Эрдоган Карабах

Լուսանկար: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպումից հետո, 8 օգոստոսի, 2014թ.

Ի դեպ, Ալիևը բավականին անկեղծ է, երբ նշում է, որ իրենց դիրքորոշումը «համահունչ է այն առաջարկներին, որոնց շուրջ մենք հիմա աշխատում ենք և որոնք միջնորդներն առաջ են քաշում»: Խոսքը ռուսական «միջնորդական առաջարկությունների»՝ Լավրովի պլան կոչվածի մասին է:  Այն դիվանագիտական անանուն աղբյուրի վրա հղմամբ ընդհանուր ուրվագծերով ներկայացվել էր դեռևս ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» թերթում.

«Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին»[19]:

Ահա և Լավրովի ասած «Ղարաբաղի ապաշրջափակման» ծրագիրը, որը նախատեսում է ԼՂ կարգավիճակի հետաձգում անորոշ ապագա (քանի որ չերաշխավորված ելքով հանրաքվեին կողմերից ոչ մեկը չի համաձայնում), ինչին Ալիևն իր համաձայնությունն է տալիս՝ խոստանալով տարածաշրջանին տրամադարել «ինքնավարություն», ապագայում միգուցե նաև՝ ինքնավար հանրապետության կարգավիճակ, այնտեղ ապահովել ներդրումներ ու բնակչության անվտանգությունը, որը և Չավուշօղլուի ստրասբուրգյան ուղերձի համատեքստում նշանակում է «Ադրբեջանի կայունություն», որին Անկարան էլ համաձայն է….

Անդրադառնալով ադրբեջանական բանակի զինման հարցին՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն զենք է գնում Թուրքիայից, Բելառուսից, Իրանից, Իսրայելից, նոր պայմանագրեր է կնքել նաև Պակիստանի հետ, սակայն նրա հիմնական գործընկերը Ռուսաստանն է, ում հետ վերջին տարիներին այս բնագավառում շուրջ հինգ միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել, ըստ որում, դրանցով նախատեսված զենքի մեծ մասն արդեն ստացվել է։

Բաքուն կիսում է Ռուսաստանի հակաարևմտյան/հակաամերիկյան մոտեցումները…

Հարցազրույցում Ալիևն ամեն հարցի ներքո հասցնում է լիարժեք բողոքել Արևմուտքից: Ադրբեջանի ղեկավարը մեղադրում է, թե վերջինս փորձում է խառնվել իրենց ներքին գործերին՝ աջակցելով ընդդիմադիր կուսակցություններին, նաև երրորդ ուժերին (ակնարկի տակ կրկին Արևմուտքն է՝ ԱՄՆ-ը) է մեղադրում ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացնելու համար՝ չհերքելով իր դերակատարությունը Պուտին-Էրդողան հարաբերությունները կարգավորելու հարցում[20]։

Հակաամերիկյան մեկ այլ հայտարարություն նա կատարում է՝ ի պատասխան  Կիսելյովի հարցի և անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտնի հայտարարությանը[21], որում վերջինս ասել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամանակը դեռ չի եկել, և որ այն ավելի բարդ խնդիր է, քան նույնիսկ պաղեստինա-իսրայելական խնդիրը։ Ալիևի գնահատականով՝ Քերրիի այս հայտարարությունն «ամբողջովին հակասում է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը, քանի որ Բարաք Օբաման Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ մի քանի հայտարարություն է արել, որում ասված է, որ այսօրվա ստատուս քվոն անընդունելի է»։ Նրա որակմամբ՝ այս հայտարարությամբ Վաշինգտոնը հակամարտության շուրջ բանակցությունները երկարաձգելու ազդանշան է ուղարկում Հայաստանին։

Ի.Ալիևի հարցազրույցի այս հատվածը նույնպես անուղղակի վկայությունն է նրա, որ «Լավրովի պլանին» հավանություն տալուց զատ պաշտոնական Բաքուն «Վիեննայի պայմանավորվածություններն (ԱՄՆ) ընդդեմ Սանկ-Պետերբուրգի համաձայնությունների (ՌԴ)» դիմակայության մեջ կրկին զորակցություն է հայտնում երկրորդին ու դրա հովանուն՝ Վ. Պուտինին:

«Ընդդեմ Արևմուտքի» խաղում Ալիևը չի շրջանցում նաև Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունին ու Կրեմլի նախագծած «Հյուսիս-Հարավ» հաղորդակցական միջանցքը՝ նկատելով, որ այս «ռազմավարական միությունն արդեն իրականություն և լուրջ տարածաշրջանային գործոն է»։

Բաքուն զորակցում է Կրեմլի սիրիական քաղաքականությանը և կմիանա դրան, եթե…

Ալիևի հաջորդ թեսթը վերաբերում էր սիրիական հարցին. ո՞ր տերության սիրիական ռազմավարությունն է պաշտպանում Բաքուն՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսաստանի: Պատասխանը կրկին հստակ է՝ «Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում Ադրբեջանին ավելի մոտ է»: Ռուսական Sputnik Азербайджан գործակալությանը տված հարցազրույցում[22] Ալիևն ավելի է կոնկրետացրել Բաքվի դիրքորոշում-պահանջը, որը նա կրկին սկսում է Արևմուտքին ուղղված մեղադրանքներով. «Ահաբեկիչներին չի կարելի բաժանել “լավերի ու վատերի”: Վաղ թե ուշ այդ բումերանգը կհարվածի. պատմությունը դա քանիցս ապացուցել է»:

Այդ դիրքավորմամբ էլ Ալիևը զորակցություն է հայտնում Ռուսաստանի սիրիական քաղաքականությանը. «Ահաբեկչության  հիմնախնդրի լուծման հարցում կոնսենսուս դեռևս ձեռքբերված չէ, ինչը մտահոգիչ է: Ահաբեկչությանը հաղթել հնարավոր է միայն բոլոր առաջատար երկրների, միջազգային ողջ հանրության ջանքերի միավորմամբ: Այսօր, դժբախտաբար, մենք չենք տեսնում այդպիսի միավորում, և տվյալ դեպքում ռուսական կողմի մոտեցումը լիովին արդարացված եմ համարում, երբ Ռուսաստանը նույն բանն է հայտարարում. ծայրահեղականների դեմ պայքարում պետք է ջանքերը միավորել»:

Վերջապես, Ալիևը նաև պաշտպանում է սիրիական խնդրի կարգավորման ռուսական տարբերակը. «Ամենակարևորը՝ Սիրիան պետք է մնա միասնական պետություն, Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի: Երկրորդը, սիրիական ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Ահա երկու պարզ թեզեր, որոնք, որքան գիտեմ, ձեզ  (Ռուսաստանին-Ս.Ս.) նույնպես հոգեհարազատ են: Եվ մենք դա ամբողջովին կիսում ենք: Այդ հարցը պետք է լուծվի այս համատեքստում, թեպետ, ցավոք, ինչպես տեսնում ենք, լուծումն ամսից ամիս ավելի դժվար է դառնում»:

Интервью генерального директора МИА Россия сегодня Дмитрия Киселева с Ильхамом Алиевым

Լուսանկար: «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը

Ուշադրության արժանի է այն, որ Ալիևն ահաբեկչության համատեքստում վերստին հրապարակ է բերում «ծայրահեղականություն» եզրույթը. տարիներ շարունակ, և հատկապես՝ սիրիական հակամարտության բռնկումից հետո պաշտոնական Բաքուն իրեն բնորոշ ոճով կրկին վերաշրջանակեց ղարաբաղյան հակամարտությունը որպես “հայկական ահաբեկչություն՝ ուղեկցված ծայրահեղականությամբ ու անջատողականությամբ”:

Հետևաբար, պատահական չէ, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարարին հարց է ուղղում սիրիական համատեքստում՝ միացնելով ահաբեկչության դեմ «Թուրքիայի պայքարի ձեռքբերումներն ու նպատակները» և «ղարաբաղյան խնդրի լուծման գործում նրա անելիքները»… Թուրքիան ու Ադրբեջանը Ստրասբուրգում հայտարարեցին, որ այդ հարցերում ու այդ համատեքստում միասին են (Գանիրա Փաշաևան հայտարարեց, թե Ադրբեջանը զորակցում է Թուրքիային այդ ամենում, իսկ Մեվլութ Չավուշօղլուն էլ հակադարձեց շնորհակալությամբ ու հայտնի պատասխանով):

Եվ այժմ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանին հասկացնում է, որ պատրաստ է նրա հետ միավորել իր ջանքերը «հանուն Սիրիայի ամբողջականության ապահովման», եթե պայքար տարվի բոլոր տեսակի ծայրահեղականության դեմ, ասել է թե՝ ապահովվի նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու համապարփակ պայքար տարվի «հայկական ծայրահեղականության դեմ»…

Բաքուն հետևում է ԵՏՄ-ին և կմիանա նրան, եթե..

Վերջապես, Կրեմլը նաև հետախուզում է, թե Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մեջ որ տնտեսական-քաղաքական ճամբարին կմիանա Ադրբեջանը: Եվրասիական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հարցին ի պատասխան՝ Ալիևը հաստատում է[23], որ հարցն օրակարգում է և քննարկվում է ոչ միայն փորձագիտական մակարդակով. «Այդ թեմայով խոսակցությունները վաղուց են թե՛ փորձագիտական հանրության մեջ, թե՛ նաև տարբեր երկրների քաղաքական վերնախավերի շրջանում: Այսպես կասեմ՝ սկզբունքորեն մենք մեզ բավականին վստահ ենք զգում այն ձևով, որում գտնվում ենք… Այդ իսկ պատճառով մենք պետք է դեռ դիտարկենք, թե ինչպիսին կլինեն միտումները: Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, այնտեղ կձգտեն շատերը: Այնպես որ ոչինչ բացառել չի կարելի, սակայն ներկայիս փուլը ես հենց այդպես կձևակերպեմ»,- հավելելով, որ իրենք հետաքրքրությամբ հետևում են եվրասիական տարածության մեջ ծավալվող գործընթացներին, որտեղ կան բարդություններ, որոշ առումներով՝ միմյանց ուղղված պահանջներ:

Հայտարարելով, որ «Ադրբեջանն այնքան ինքնաբավ ու զարգացած երկիր է, որ որևէ միության ինտեգրվելու համար երկրին հավելյալ շարժառիթ է պետք», Ալիևն ակնարկում է՝ եթե Մոսկվան շատ է ցանկանում Բաքվին տեսնել որպես իր հիմնադրած «եվրասիական լիգայի խաղացող», ապա պետք է ավելի շատ շահագրգռի ու ավելի մեծ խթանիչ տա, քան առկա տնտեսական խթանիչներն են՝ վարկը, սպառազինությունը և այլն: Խոսքը, ինչպես միշտ, Արցախը ստանալու մասին է…

Խոշոր հաշվով՝ ընդգծելով իր բարեկամական լավ հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ՝ Ալիևը մեծ սիրո խոստովանություն է կատարում Պուտինին՝ հայտարարելով, որ նա «մեծ, ազնիվ մարդ է» ու «մեծ երկրի մեծ առաջնորդ»:

ԵՐԵՎԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ԿՐԵՄԼԻ ՊԼԱՆԻՆ

Ռուսական հեռուստաընկերությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցում ԼՂ մասին ասվածին Երևանից նույն օրն առաջինը պաշտոնապես արձագանքեց[24] ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ այն որակելով «իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ»։

Բալայանը մասնավորապես նշել էր, որ «Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», ապա խորհուրդ էր տվել. «Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Image result for դվարդ Նալբանդյանն ընդունեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի

Լուսանկար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, 20 հոկտեմբերի, 2016թ.

Հոկտեմբերի 20-ին Ալիևի հայտարարություններին ավելի ծավալուն հակադարձեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ առաջին պլան բերելով Արցախի կարգավիճակի հարցը[25]. «Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավել ևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր»։

Որքան էլ Ադրբեջանի նախագահի ուղերձները բացառապես ու առավելապես ուղղված էին Մոսկվային և համերաշխություն էին Կրեմլի համար կարևոր, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրով ռուսական պլանի ու նախաձեռնությունների հարցերով, Հայաստանի ԱԳ նախարարն Ալիևի հայտնած դիրքորոշումները բերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դաշտ՝ ցուցանելով Բաքվի անհամաձայնությունը նրանց կողմից արված հայտնի առաջարկություններին.

«Ադրբեջանի ղեկավարությունն իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորոշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ»:

Նույն հարցով ԱԳ նախարարը նաև հիշեցրել էր. «Համանախագահ երկրների ղեկավարներն իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունն ուղղակի փախուստի դիմեց»։

Պաշտոնական Երևանը հերթական անգամ հնարամտորեն հակադրվեց Մոսկվայի ստվերային բանակցություններին ու օրակարգին՝ վերահաստատելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ օրինակարգ ձրաչափ ու առաջարկություն կա, և դա Մինսկի խմբի եռանախագահ երկրների նախագահների բարձրաձայնածն է, իսկ մնացած մասնավոր վարիացիաներն ընդունելի չեն:

Թե ինչ նպատակով էր ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել 2015թ. ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի  գագաթաժողովում եզրափակիչ փաստաթղթի պատմությունը, երբ Բաքուն իսկապես փախուստի դիմեց այն բանից հետո, երբ քննարկվում էր եզրափակիչ փաստաթղթում հայտնի երեք սկզբունքների վրա հղում կատարելու հարցը, կարող է և զուգադիպություն էր:

Լուսանկար: ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարները Ռիգայի գագաթաժողովից առաջ, Reuters

Սակայն կարծես թե Հայաստանը ոչ պատահականորեն է հենց Արևմուտքին ցուցանում Ադրբեջանի անհամաձայնությունը հանրաճանաչ հիմնարար սկզբունքներին ու հիշեցնում Ռիգայում կատարվածը որպես Արևմուտքի կողմից իրականացված թեսթ, որի արդյունքները բավականին հստակ ու խոսուն են: Երևանի կողմից այն գիտակցված ու թիրախավորված օգտագործելու մասին է խոսում նաև այն փաստը, որ Նալբանդյանը վկայակոչում է Ալիևի՝ հենց ԱՄՆ համանախագահությունից ունեցած դժգոհությունը, որը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ու մինչ պաշտոնական Երևանը փորձում է հերթական անգամ ղարաբաղյան խնդիրը պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ զգուշորեն հակակշռելով այդ խմբում Մոսկվայի գերակայություն ստանալու փորձերն ու ստվերային պլանները, ինչպես նաև փորձելով խնդիրը կտրել այլ խնդիրներից ու համատեքստից (հայ-թուրքական հարաբերություններ, ծայրահեղականություն և այլն), այդուհանդերձ, Անկարա-Մոսկվա-Բաքու եռանկյունով ուղերձափոխանակության շնորհիվ սիրիական համատեքստը, որում բացահայտ ներգրավված են առաջին երկուսը, իսկ Ադրբեջանն էլ զորակցում է նրանց, սկսել է ազդել ղարաբաղյան խնդրի վրա:

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Մինչ հոկտեմբեր ամսում Անկարան փորձում է մերձավորաևելյան շրջադարձային զարգացումներում իր դերն ապահովել թե՛ ամերիկյան (Մոսուլ), թե՛ ռուսական ռազմական (Հալեպ) ռազմավարություններում, Մոսկվայում Բաքուն փորձում էր պարզել, թե ինքն ինչ կստանա Ռուսաստանի սիրիական կամպանիային աջակցելուց, իսկ Երևանն էլ անհանգստացած էր, թե ինչպես կազդեն իր վրա սիրիական հարցում ռուս-թուրքական հնարավոր համաձայնությունները:

Նշվածի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշումները լսելու առիթ ստեղծվեց հոկտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ընթացքում[26]:

Մոսկվայի հետախուզումն առաջինը սկսեց ադրբեջանական կողմն ի դեմս ադրբեջանառուսական քարոզչամիջոցի՝ «Москва-Баку» գործակալության լրագրողի հարցի:

«Москва-Баку»: Այս շաբաթ Դ. Կիսիլյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ի. Հ. Ալիևը, անդրադառնալով սիրիական հարցին, հայտարարեց, որ միանգամայն արդարացված է համարում սիրիական կարգավորմանը ռուսական կողմի մոտեցումը, երբ Ռուսաստանն ասում է, որ պետք է միջազգային հանրության ջանքերը միավորել և ահաբեկիչներին չի կարելի լավերի ու վատերի տարանջատել: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ամբողջովին կիսում է այն թեզը, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի, և սիրիական ժողովուրդն ինքը պետք է իր ճակատագիրը որոշի: Ըստ էության, Արևմուտքի քննադատությունների խորապատկերին Ադրբեջանի նախագահը սիրիական խնդրում պաշտպանել է Ռուսաստանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

Մարիա Զախարովա:  Ի՞նչը հատկապես:

«Москва-Баку»: Սիրիական հարցում Ադրբեջանի աջակցությունն Արևմուտքի հարձակումների խորապատկերին:

Մարիա Զախարովա:  Մենք համարում ենք, որ սիրիական հարցում միջազգային հանրության կողմից Ռուսաստանին աջակցությունը խոսում է տարածաշրջանում այժմ կատարվողի հանդեպ իրատեսական հայացքի մասին: Իհարկե, մեզ համար կարևոր է, որպեսզի իրենց մոտեցումներում բոլոր երկրները կողմնորոշվեն փաստացի իրավիճակով, այլ ոչ թե տեղեկատվական արշավով, որն այժմ առկա է ԶԼՄ-ներում: 

Ի դեպ, հատկանշական է, որ Մարիա Զախարովան որոշեց Իլհամ Ալիևի հայտնած զորակցությունը մեկնաբանել լրագրողի այն ճշգրտումից հետո, երբ սատարումը շեշտված բերվեց հակաարևմտյան համատեքստ…

Որքան էլ ադրբեջանական ԶԼՄ-ներն այս հարցուպատասխանը ներկայացրեցին, թե Մոսկվայի համար կարևոր է Ադրբեջանի աջակցությունը[27], թերևս հնչած ընդհանրական պատասխանը գոհացուցիչ չէր կարող լինել պաշտոնական Բաքվի համար: Սիրիական ու այլ հարցերով խնդիր չէր մնացել, որ Իլհամ Ալիևը հստակ ռուսական դիրքորոշումը պաշտպանած չլիներ, մինչդեռ արդյունքում ասվում է, թե դա ընդամենը կարևոր է Ռուսաստանի համար:

Դրա պատճառ կարող էր լինել ոչ միայն վարձահատույց լինելու հարցում Կրեմլի չշտապելը, ոչ միայն ապագայում ԵՏՄ-ին անդամակցելու հարցում Ի.Ալիևի թողած ժամանակային մեծ անորոշությունը, այլև հենց Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի հետ հենց այդ օրերին աստիճանաբար ծագող խնդիրները:

Բաքու-Մոսկվա հարցուպատասխանից հետո Երևանն էլ փորձեց ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ակտիվացման հեռանկարի կապակցությամբ իր մտահոգությունը փարատել «Новое время» ռուսալեզու հայկական թերթի լրագրողի հարցի միջոցով[28]:

Լուսանկար: Ռուսաստանի դաշնութան արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, 20 հոկտեմբերի, 2016թ.

«Новое время»: Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովը հայտարարեց, թե որոշակի պայմաններում Թուրքիան կարող է ավելի կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Ինչ-որ ծրագրեր կա՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի դերի ակտիվացման ուղղությամբ, որի անդամ է նա: Արդյո՞ք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:

Մարիա Զախարովա:  Ես որևէ տեղեկություն չունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ձևաչափի փոփոխության վերաբերյալ: Ազնվորեն ասած, ես նույնիսկ չեմ լսել, որ այդպիսի քննարկումներ գնան: Ես ի նկատի ունեմ, ոչ թե ԶԼՄ-ներում, այլ փորձագետների, որոնք իրապես զբաղվում են այդ խնդրով: 

Ինչ վերաբերում է  Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի դերի փոփոխությանն ու ակտիվացմանը, ապա կարելի է միայն ողջունել, որ այդ խմբի անդամներն իրապես կառուցողական դեր խաղան կարգավորման գործում: Իմ կարծիքով, դա նրանց ուղիղ խնդիրն է՝ կառուցողական դեր խաղալ և դա անել ակտիվորեն, երբ խոսքը հենց կարգավորման գործընթացում կառուցողական ներդրման մասին է:

Թվում է, թե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր պատասխանի առաջին պարբերությամբ հերքում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի ակտիվացման տեղեկությունն ընդհանրապես, սակայն մյուս կողմից էլ ողջունելի համարում այն, եթե դա տեղի ունենա: Ըստ որում, Մարիա Զախարովան խոսում է “խնդրով զբաղվող փորձագետների շրջանում նման քննարկումներից իր անտեղյակության” մասին, և որևէ կերպ վերստին չի արձագանքում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգում արված հայտարարություններին կամ պաշտոնական մակարդակով խոսքուզրույյցին: Դրանցից նա վստահաբար տեղյակ էր, սակայն չի էլ հերքում կամ հաստատում…

Սակայն միաժամանակ չի կարելի չնկատել այս հարցով Մոսկվայի դիրքորոշման որոշ թուլացումն ու անորոշությունների ստեղծումը՝ ի վնաս Անկարայի: Իսկ դրա պատճառները թաքնված են Մերձավոր Արևելքում օրեցօր թեժացող զարգացումների նկատմամբ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմավարությունների միջև Թուրքիայի դիրքավորումներում ու խուսանավումներում, որոնք ոչ միշտ են գոհացնում Կրեմլին… Հետևաբար, Բաքվի համար նույնպես անորոշությունները կմնան, կամ անգամ՝ ռուս-թուրքական պայմանավորվածություններն ի չիք կհամարվեն, քանի դեռ Անկարան Մոսկվայի համար հուսալի ու կանխատեսելի չէ մերձավորարևելյան թատերաբեմում:

ԱՄՓՈՓՈւՄ

Այդպիսով, այդ ամենի արդյունքում Մոսկվան տակավին չի շտապում հայտարարել, թե ինչ կվճարի Բաքվին սիրիական հարցում վերջինիս աջակցության դիմաց ու նաև չի շտապում կտրականապես հերքել Երևանի մտահոգությունները, որ ինքն Անկարային չի օգնի ակտիվանալ ղարաբաղյան հարցում:

Կրեմլի այսպիսի պահվածքը միանգամայն տրամաբանական բացատրություն ունի. ռուս-թուրքական սիրախաղի ապագան, այդ թվում՝ Արցախի խնդրի վրա դրա պրոյեկտումն ու ազդեցությունը մեծիմասամբ կախված կլինի նրանից, թե սիրիական հարցում ինչպես իրեն կպահի Անկարան, որտեղ նա երկու հակոտյա ռազմավարությունների միջև հստակ կողմնորոշվելու խնդիր ունի:

Ու քանի դեռ այդ հարցով անորոշությունները փարատված կամ վերացված չեն, Մոսկվան առայժմ չի էլ շտապում դրա դիմաց որևէ մեկին վճարել՝ ո՛չ սիրիական գետնի վրա առարկայորեն պահանջված Թուրքիային, ո՛չ էլ առավել ևս իրեն սոսկ քաղաքական դիրքավորմամբ սատարող Ադրբեջանին… Հընթացս էլ Երևանին է պահում «թուրքական դողէրոցքի մեջ» ու նրանից կորզում անհրաժեշտ որոշումները:

Image result for Путин и Эрдоган Карабах

Լուսանկար: Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի դաշնութան նախագահ Վլադիմիր Պուտինը

Իսկ միգուցե Մոսկվան ուղղակի հռչակագրային կերպով է ղարաբաղյան խնդրում Թուրքիային ներգրավելու շահագրգռություն ցուցաբերում ու այդ ուղղությամբ ձևական և ժամանակատար գործընթաց տանում՝ պարզապես Սիրիայում իր ստրատեգիայի հաղթարշավն ապահովելու ու այդ ճանապարհին խոչընդոտողներից մեկին չեզոքացնելու համար: Եթե դա այդպես է, ապա հարց է ծագում՝ ռուսական խաղում միգուցե Երևանին հենց վերապահվա՞ծ է Թուրքիայի ակտիվացումն արգելափակելու դերը, ինչի մասին տեղյակ է (հետևաբար՝ Մոսկվայի հետ համագործակցված է խաղում) կամ միգուցե անտեղյակ (Մոսկվայի պլանավորած գործընթացում սպասելի վարքագծով է խաղում) վերջինս…

Այս և այլ հարցերի վրա լույս են սփռում հատկապես հոկտեմբեր ամսին Սիրիայում և Իրաքում ծավալվող զարգացումների դինամիկաներն ու դրանց կոռելացիան ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ:

Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում