Հաիթիում աղետալի ավերածություններ առաջացրած «Մեթյու» փոթորիկը ԱՄՆ հարավարևելյան նահանգներում 16 մարդու մահվան պատճառ է դարձել՝ հայտնում է BBC-ն: Շաբաթ օրը հաղորդվում էր 10 զոհի մասին:
Հյուսիսամերիկյան մայրցամաքի ափերին փոթորկի հասնելուց ավելի քան մեկ օր անց ուժեղ ջրհեղեղ է արձանագրվել Հյուսիսային Կարոլինայում:
Հանգստյան օրերին ատլանտյան առափնյա տարածքում 1 մլն-ից ավելի ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել:
Հաիթիում ՄԱԿ-ը և փրկարարները պայքարում են խոլերայի նոր դեպքերի դեմ, որպեսզի բռնկումները չվերաճեն համաճարակի: Կղզի-պետությունում ավելի քան 900 մարդ է զոհվել, որոշ քաղաքներ 80%-ով ավերվել են աղետից:
«Մեթյու» փոթորիկը 2007 թվականից ի վեր դարձել է ամենուժեղն Ատլանտյան օվկիանոսում: Քամու արագությունը հասել է 230 կմ/ժ-ի:
Ըստ օդերևութաբանների՝ փոթորկի ուժն արդեն նվազել է ծովի վրա, իսկ քամու արագությունը իջել մինչև 120 կմ/ժ, ինչն ԱՄՆ առափնյա շրջանները փրկել է աղետի ավելի ծանր հարվածից:








































