Իշխանությունների քաղաքականությունից դժգոհ Կոլորադո նահանգի գյուղական շրջանների բնակիչները որոշել են դուրս գալ նահանգի կազմից և ստեղծել ԱՄՆ 51-րդ նահանգը: Ութ վարչական շրջանների ներկայացուցիչները երկուշաբթի հավաքվել էին՝ քարտեզի վրա նոր նահանգի սահմանները գծելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գյուղական շրջանների բնակիչները կարծում են, որ նահանգի մայրաքաղաք Դենվերի պաշտոնյաներն ու օրենսդիրները բավարար կերպով հաշվի չեն նստում իրենց շահերի հետ: Դրանով են բացատրվում անջատողական տրամադրությունները: Նրանք դժգոհ են նաև հրազենի շրջանառության վերահսկման կոշտ օրենքների ընդունումից, ինչպես նաև նավթի ու գազի արտադրության այլընտրանքային էներգետիկա զարգացնելու օրենսդիրների մտադրությունից: Նավթի ու գազի արտադրությունը կազմում է Կոլորադոյի հյուսիսի տնտեսության կարևոր մասը:
Կոլորադոյից առանձնանալու հարցը կարող է հանրաքվեի դրվել արդեն այս տարվա նոյեմբերին: Այնուհետև հարցը պետք է դրվի Կոնգրեսի քննարկմանը: Փորձագետների կարծիքով՝ հաջողության հավանականությունը զրոյական է:








































