Սոչիի Օլիմպիադան կարելի է համեմատել ավազի վրա դղյակներ կառուցելու հետ՝ գրում է The Economist-ը:
Ինչպես նշում է պարբերականը, խաղերի սկսվելուց յոթ ամիս առաջ քաղաքն իրենից ներկայացնում է շինարարական հրապարակ, որն ավելի շատ հիշեցնում է կոմունիզմի ժամանակների նախագիծ:
Գինը, շահութաբերությունը, բնությունը, մարդկային կյանքերը երբեք չեն կանգնել խորհրդային կառավարիչների ճանապարհին, և հաճախ նման նախագծերը ավերիչ ազդեցություն են ունեցել:
Սոչի-2014-ն իր ծավալներով նման է խորհրդային նախագծերին, սակայն խաղերի վրա ծախսված միջոցները ստիպում են հին նախագծերին «գույնը գցել»՝ ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Սոչին տարօրինակ ընտրություն է ձմեռային Օլիմպիադայի անցկացման համար, քանի որ այն ունի մերձարևադարձային կլիմա և քիչ ձյուն, իսկ բացման և փակման արարողությունը կայանալու է Սև ծովի մոտ՝ խոնավ տեղանքում: Բացի այդ, քաղաքը տեղակայված է Հյուսիսային Կովկասից «մտահոգիչ» հարևանության վրա: Հոդվածում նշվում է, որ արված աշխատանքի որակը միանշանակ չէ, և էկոլոգիայի մասին քչերն են հոգում:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը Սոչի-2014-ը համարում է իր գլխավոր նախագիծը:








































