Միացյալ Նահանգների պետական պարտքը երեկ հասել է հնարավոր առավելագույն շեմին` 14.3 տրիլիոն դոլարի: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները: Նա նշել է, որ մի շարք ձեռնարկված միջոցառումներ, այդ թվում` երկու թոշակային խոշորագույն ընկերություններին իրականացվող վճարումների ժամանակավոր դադարեցումը, թույլ են տվել մասամբ խուսափել դեֆոլտից: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Եթե մինչև 2011 թ. օգոստոսի 2-ը օրենսդիրները չբարձրացնեն ԱՄՆ բյուջետային պարտքի վերին հնարավոր շեմը, ապա ԱՄՆ-ն այլևս չի կարողանա լիարժեքորեն վճարել իր պարտքերը»,- ասել է ֆինանսների նախարարը: Նա կրկին կոչ է արել բարձրացնել պետական պարտքի վերին շեմը: Սակայն Հանրապետական կուսակցությունն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս միջոցների կիրառմանը` նշելով, որ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բյուջետային ծախսերի կրճատման շնորհիվ: