Gazeta.ru-ի փոխանցմամբ` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) հայտնել է, որ կլիմայի փոփոխությունը կարող է ինքնաթիռով թռիչքների ժամանակ առաջացնել դժվարություններ, ինչպես նաև մեծացնել մրրկային շարժման մեջ ընկնելու հավանականությունը: Այդ մասին ասված է կազմակերպության զեկույցում:
Փաստաթղթում նաև հաստատվում է, որ Երկրի վրա կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել ինքնաթիռների իրանի սառցակալման և ավազե փոթորիկների հետ կապված միջադեպերի թվի աճի, որոնք սպառնում են շարժիչների աշխատանքին:
ICAO-ն նաև նշել է, որ ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է օդանավակայաններին, որոնք գտնվում են դրանից ոչ բարձր, իսկ ամպերի ավելի մեծ քանակությունը վատթարացնում է տեսանելիությունը` հատկապես Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում:
Կազմակերպության տվյալներով` ներկա պահին այդ փոփոխությունները քաղաքացիական ավիացիայի աշխատակիցներին այդպես հստակ տեսանելի չեն, սակայն մոտակա 30-40 տարիներին այդ բոլոր խնդիրները կդառնան արդիական:








































