Վերջերս կեղծ զեղչերի մի շարք դեպքեր են բացահայտվել, երբ խանութների ցուցափեղկերին դրված գները չեն համապատասխանել իրականությանը: Սա համարվում է «անբարեխիղճ մրցակցություն» և տուգանվում առավելագույնը նախորդ տարվա շահույթի մեկ տոկոսով:
Բոլորովին վերջերս նման մեղադրանքով տուգանվեց «Ռոբերտո» խանութ-սրահը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքային խումբը հսկիչ գնում է կատարել և պարզել, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը՝ զեղչը չի տարածվում ողջ տեսականու վրա:
Քաղաքացիների՝ զեղչերին վերաբերող դիմում-բողոքները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թեժ գծին շատացել են: Խոսքը վերաբերում է հատկապես հագուստի խանութներում գործող զեղչերին:
«Էդպիսի դեպք ունեցանք «Ռուժ» խանութում, «Մանգո» խանութում, «Արայ» խանութում, «Տեխնոլայֆ» խանութում։ Այսինքն նշված զեղչը կամ չէր տարածվում ողջ տեսականու վրա, կամ ավելի պակաս էր զեղչվում, քան գրված էր, սակայն բոլոր դեպքերում խնդիրը նույնն էր: Իրականությանը չէր համապատասխանում այն, ինչ որ գովազդվել էր նախապես: Այսպիսի դեպքերում հանձնաժողովը դիտարկում է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում».- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողի առաջարկած ապրանքը կամ ծառայությունը չի համապատասխանում իրականությանը, դա համարվում է սպառողի մոլորեցում, այսինքն սպառողը խաբվել է, առաջարկվել է մի բան, մատուցվել՝ մեկ այլ բան: «Դա հաճախորդ գրավելու ընդունված ձև է, տարբեր հաղորդագրությունների միջոցով մարդկանց ուղարկում են տեղեկություն, որ կարող եք գալ, մեր խանութում զեղչ է, հաճախորդները գնում են և միգուցե ինչ-որ բան գնեն, քանի որ արդեն հասել են տվյալ խանութ: Սա դատապարտելի է և մրցակցային կանոններին համապատասխան գործելաոճ չէ: Այդ իսկ պատճառով այդ խանութները տուգանվել են օրենքի առավելագույն չափով, որքան թույլ է տալիս օրենքը՝ նախորդ տարվա շրջանառության մեկ տոկոսի չափով»,- ասաց Գայանե Սահակյանը:
Նրա ձևակերպմամբ՝ հանձնաժողովը խիստ պատիժ է կիրառել՝ ելնելով այն նկատառումներից, որ սա լինի կանխարգելիչ մյուս տնտեսվարողների համար, որպեսզի մյուսներն էլ նման գործելաոճ չորդեգրեն:
Այս ոլորտում գնային վերահսկողություն իրականացնելու մասին ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հանձնաժողովը չի կարող իրականացնել վերհսկողություն, քանի որ դրանք գերիշխող խանութներ չեն: Հանձնաժողովը կարող է գնային վերահսկողություն իրականացնել միայն գերիշխող տնտեսվարողի նկատմամբ, այսինքն այն տնտեսվարողի, որը զբաղեցնում է շուկայի մեկ երրորդից ավելին՝ 33,3 տոկոսից ավելին՝ ներկրման և իրացման ծավալով: Քանի որ հագուստի ոլորտում չկա նման տնտեսվարող, որն իրականացնի այդ ծավալներով իրացում և շուկայում նման դիրք ունենա, հետևաբար հանձնաժողովը որևէ կերպ չի կարող վերահսկել հագուստի ինքնարժեքի ու վաճառվող գնի տարբերությունը: Այս խանութների գնային քաղաքականությունը վերահսկելի չէ, քանի որ սրանք շուկայի 5-6 տոկոսն են զբաղեցնում:
Կեղծ զեղչերի տարբերակներից է ակցիայի անվան տակ ապրանք վաճառելը: Օրինակ՝ 999 դրամ արժողությամբ ապրանքի դիմաց, բնականաբար, գանձվում է 1000 դրամ, կամ ակցիայի անվան տակ վաճառվող ապրանքի գինը չի զեղչվում, եթե սպառողը չի գնել ինչ-որ քարտեր: Այս պայմաններին սպառողը ծանոթանում է միայն դրամարկղին մոտենալուց հետո, երբ ապրանքն արդեն զամբյուղում է:
Մեկ-երկու դրամը սպառողի համար բողոք ներկայացնելու հիմք չէ գուցե, բայց որ տնտեսվարողի առուվաճառքի ծավալները պարզ հաշվարկով դիտարկելիս միլիոններ են կազմում, ակնհայտ է: Սպառողին մոլորության մեջ գցելու տնտեսվարողների այս գործելաոճի մասին Գայանե Սահակյանն ասաց, որ իսկապես նման բողոքներ դեռ չեն ստացել, բայց մամուլի հրապարակումները ևս իրենց համար ուսումնասիրություն կատարելու հիմք են:
«Նշված բոլոր դեպքերը անիրական զեղչերի շարքից են: Անիրական զեղչերի տարբեր տեսակներ են: Այդ դեպքերը հատառահատ ուսումնասիրության կարիք ունեն, որպեսզի կարողանանք լուծում տալ, տեսնել արդյոք կա՞ խնդիր: Մեր գրեթե բոլոր որոշումները բողոքարկվում են դատական կարգով: Հանձնաժողովը պետք է լինի խիստ հիմնավորված, բոլոր որոշումները պետք է լինեն խիստ իրավաչափ, խիստ փաստական, որպեսզի կարողանանք մեր որոշումների իրավացիությունը դատական կարգով ապացուցել»,- ընդգծեց Գայանե Սահակյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջերս սկսել է կաթնամթերքի շուկան ուսումնասիրել: Մի քանի ընկերություն էլ կեղծ զեղչեր գովազդելու կասկածով հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են արդեն հայտնվել։ Եթե կասկածները հաստատվեն, կպատժվեն նախորդների օրինակով:









































