Հնդկաստանում բժիշկները կարողացել են փոխել 12-ամյա Արուն Պատելի վնասված քիթը: Նոր քիթը նրանք աճեցրել են տղայի ճակատին՝ հայտնում է BBC-ն:
Երեխայի քիթը վնասվել և դեֆորմացվել է փոքր տարիքում նրա տարած թոքաբորբի հետևանքով: Վարակը քթի կռճիկներն այնքան է վնասել, որ քթի նորմալ ձևի վերականգնումը գործնականում անհնար է համարվել:
Արունի թոքաբորբն առաջացել է ծնվելուց կարճ ժամանակ անց, ծնողները երեխային տարել են բժշկի, սակայն բուժումն անօգուտ է եղել: Հյուսվածքներն այնքան են վնասված եղել, որ երեխան գործնականում զրկվել է քթից:
Ինդաուր քաղաքի բժիշկների խումբը 10 տարի անց որոշել է կատարել հազվագյուտ 4-փուլանոց վիրահատություն, որն Արունին պետք է վերադարձներ կորցրած քիթը:
Վիրաբույժների խմբի ղեկավար Աշվինի Դաշը BBC-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ նոր քիթը նույնքան նորմալ կգործի, որքան նրա մնացած օրգանները: Նրա խոսքով՝ ամբողջ գործընթացը տևել է մոտ 1 տարի:
Առաջին փուլում երեխայի ճակատի մեջ ներդրվել է «հյուսվածքի սիլիկոնային ընդլայնիչ», որը պետք է նոր քթի աճելու համար տարածք ստեղծեր: Այնուհետև հյուսվածքների հետագա ընդլայնման համար հատուկ քիմիական լուծույթով կատարվել են ներարկումներ: Երկրորդ փուլում քթի աճեցման ստեղծված «հարթակում» կռճիկներ են փոխպատվաստվել երեխայի կրծքավանդակից: Աճեցման գործընթացը տևել է 3 ամիս: Երրորդ փուլում արհեստականորեն աճեցված քիթը փոխպատվաստվել է դեմքի վրա: Եվ վերջապես, 4-րդ՝ եզրափակիչ փուլում վերականգնվել է ճակատը:










































