Երևանից Սոչի, Ռոստով, Կրասնոդար ավիատոմսերի արժեքը թանկացել է. այս մասին «Առաջին լրատվական»- ին ահազանգել էին մի շարք սպառողներ, նրանց ներկայացմամբ՝ նախկինում ավիատոմսերը ձեռք են բերվել 80 000 – 90 000 դրամով, այժմ 200 000 – 250 000 դրամ է: Թանկացման պատճառը Վերին Լարսի փակ ճանապարհն է: Փորձեցինք թանկացման պատճառները հասկանալ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: «Գո Թրեվլ» տուրիստական ընկերության ավիատոմսերի գծով մենեջեր Վարսենիկ Տերտերյանը նշեց, որ էկոնոմ դասի տոմսերը չեն թանկացել, այլ սպառվել են:
Վարսենիկ Տերտերյանը նաև մանրամասնեց՝ առաջին երկու օրերին սպառողները տագնապած էին, բողոքում էին, հիմա հասկանում են, որ տագնապով ոչինչ չես փոխի:
Իրավիճակն առավել մտահոգիչ է Սոչիից, Ռոստովից, Կրասնոդարից Հայաստան եկողների համար: Այնտեղից ընդհանրապես մինչև հուլիսի 8-ը տեղեր չկան՝ անգամ բիզնես կարգի,- նշում է Վ. Տերտերյանը և հավելում, որ ամենայն հավանականությամբ ավիաընկերությունները շուկան կկանոնակարգեն Լարսի անցակետի վերաբացումից հետո: Սպառողներին մնում է սպասել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































