Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ավանդույթի համաձայն, այս անգամ էլ սկսել է հրաժարվել մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնություններից:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ելույթ ունենալով մի խումբ զինվորականների առաջ, Ալիևը կրկնել է բազմիցս ծեծված անհեթեթ հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը, իբր, «իր պատմական հողերում» թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել, որ ԼՂ-ի անկախության հարցը «երբեք բանակցությունների թեմա չի եղել», և որ խնդիրն իբրև թե կարող է լուծվել միայն փուլային ճանապարհով:
Նա ասել է, որ ինքը չի համաձայնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական և արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ և դիտորդներ տեղակայելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանին, որ իբր այն չի ընդունվել, և մեկ անգամ ևս սպառնացել է, որ բանակցությունները սառեցվելու կամ խախտվելու դեպքում իրենք կդիմեն ուժային լուծման:
«Ադրբեջանական կողմը մասնակցել է բանակցություներին՝ չընդունելով որևէ պայման: Վիեննայի հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Գտնում եմ, որ այն դրական արդյունքներ է ունեցել: Այսինքն, հայկական կողմի առաջ քաշած պայմանները չեն ընդունվել: Վիենայում ադրբեջանական կողմը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ուղղակի համանախագահող-երկրները հանդես են եկել հայտարարությամբ, դա նրանց հայտարարությունն է:
Մենք դրական ենք գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպումը: Մենք բանակցությունների ենք գնում՝ չընդունելով ոչ մի պայման: Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի 6 աշխատակիցների թիվը 2-2,5 անգամ մեծացնելու հարցը: Այստեղ խոսք չկա մեծ առաքելության մասին: Չի փոխվում նաև գրասենյակի մանդատը: Ինչ վերաբերվում է հայերի կողմից առաջ քաշված միջադեպերի հետաքննության մեխանիզմին, եթե իմաստը նրանում է, որ որպեսզի հակամարտությունը սառեցվի և ինչ-որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն շփման գծում, ապա Ադրբեջանն, իհարկե, դրան չի գնա: Դա հնարավոր է այն դեպքում, եթե բանակցային գործընթացում դրական դինամիկան շարունակվի, մենք կոնկրետ արդյունքներ տեսնենք: Այդ ժամանակ, իհարկե, կարող են տարբեր մեխանիզմներ մշակվել և քննարկվել այդ հարցը:
Ադրբեջանական կողմը և անձամբ ես բազմիցս ասել ենք, որ մենք կարող ենք տվյալ հակամարտությունը կարգավորել միայն փուլային ճանապարհով, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի գործ է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել: Ադրբեջանի կազմում առկա է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այն ունի ինքնավարության կարգավիճակ: Եվրոպայում, այլ երկրներում կան պրոգրեսիվ և տարբեր կարգավիճակներ: Սակայն, այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը:








































