Փարիզի Ուղղիչ դատարանն այսօր դատավճիռ կկայացնի Ժերար Դեպարդյեի գործով: Դերասանին մեղադրում են անսթափ վիճակում մոտոռոլեր վարելու մեջ: Այժմ նրան սպառնում է 4000 եվրո տուգանք և 6 ամսով վարորդական իրավունքից զրկում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դերասանի փաստաբան Էրիկ դե Կոմոնը կտրականապես դեմ է վարորդական իրավունքից զրկելու պահանջին, այնուհանդերձ՝ տուգանքի չափը նրան չի զարմացնում: Ֆրանսիական դատական պրակտիկայում ընդունված է, որ գանձվող գումարը համամասնական լինի մեղադրյալի եկամուտներին. նույն խախտման համար դերասանից, քաղաքական գործչից կամ շարքային քաղաքացուց տարբեր գումարներ են պահանջվում:
Նրա խոսքով՝ իրենք սպասում են վերջնական որոշման կայացմանը, որից հետո որոշում կընդունեն բողոքարկման մասին:
Դերասանի մասնակցությամբ դեպքը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերին, երբ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Դեպարդյեն Փարիզի խաչմերուկներից մեկում ընկել էր իր փոխադրամիջոցից:








































