Հայաստանում պետք է մշակվի նոր տնտեսական քաղաքականություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով Հայաստանում նոր տնտեսական քաղաքականության անհրաժեշտության մասին և ներկայացնելով Մարքսիստական կուսակցության տնտեսական տեսլականը:
Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ այսօր հայաստանյան քաղաքական դաշտը նիրհած է, դաշտի հիմնական խաղացողները, որոնք պետք է իրենց ցուցադրեին, հայտնվել են աութսայդերի կարգավիճակում: Ըստ նրա՝ այդ ուժերը պետք է հրաժարվեին մեր դարավոր աքիլլեսյան գարշապարից, սակայն խուսափեց նշել կուսակցությունների անուններ: Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը մեծ հույսեր էր կապում, նրա խոսքով՝ գործամոլական կապիտալ ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Անդրադառնալով տնտեսական նոր քաղաքականության իր տեսլականին՝ նա ասաց, որ պետական տնտեսագիտական մեքենային պետք է տալ տնտեսագիտական այն ուղեղները, որոնք կարող են մշակել նոր տնտեսական մեքենա: Նրա գնահատմամբ՝ սա ազգի առջև ծառացած ամենագլխավոր խնդիրն է:
«Քսանհինգ տարվա մեջ կեղծ ժողովրդավարները եվրոպական արժեհամակարգը դրոշակ դարձրած՝ մի ողջ քաղաքակիրթ ժողովուրդ գիլյոտինի ենթարկեցին: Ամբողջ մի քաղաքակրթություն կանգնեցրին լինել-չլինելու ռուբիկոնի առաջ՝ հանցագործ տնտեսական քաղաքականությամբ վտանգելով ազգի ինքնությունը: Մեզ այսօր անհրաժեշտ է ոչ թե տզրուկային տիպի պետական մեքենա, որը նստած է հարկահանության վրա, այլ վերարտադրողական և առևտրական գործառույթներ կատարող պետական մեքենա, որը կիրականացնի առևտրի և նյութական բարիքների վերարտադրողական պրոցեսներ:
Հարկավոր է նոր տիպի շուկայի ձևավորում, որը պետք է ձևավորի մասնավոր ձեռնարկատիրական կապիտալ, կորպորատիվ և պետական ձեռնարկատիրական կապիտալ: Պետական մեքենայից պետք է դեն նետել միջնորդ, շահարկող, այսպես կոչված, տզրուկային կապիտալ ստեղծող բոլոր օղակները:
Պետության կողմից պետք է իրականացվի շուկայի վերահսկողություն, կարգավորում, գների և գնագոյացման պրոցեսների վերահսկողություն, գիտականորեն հիմնավորված և գների պետական կարգավորում: Պետք է պետական մեքենան ներքին թափառող կապիտալը սպասարկող կապիտալի ոլորտից բերել վերարտադրման օղակ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:









































