Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ երեկոյան Ստամբուլի Գեզի այգու ցուցարարները կցրվեն: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
«Ես հույս ունեմ՝ երեկոյան ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ:
Վարչապետը կրկին կոչ է արել ակցիայի մասնակիցներին «տուն գնալ»: «Դուք որքան կարողացել, այստեղ եք մնացել և փոխանցել եք ձեր հաղորդագրությունը: Գեզի այգու վերաբերյալ ձեր հաղորդագրությունը ստացվել և գնահատվել է: Խնդրում եմ՝ լքե՛ք այգին և տուն վերադարձեք»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարարները հրաժարվել էին հեռանալ այգուց՝ չնայած վարչապետի «վերջին նախազգուշացմանը», և հայտարարել էին, որ իրենց համբերությունը վերջացել է: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ այգու ճակատագիրը կարող է որոշել հանրաքվեն:









































