Radiohead և Pink Floyd ռոք-խմբերի երաժիշտները կարծում են, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է վնաս հասցնել բրիտանական երաժշտական ինդուստրիային: Այս մասին հայտնում է Press Association գործակալությունը՝ հղում անելով Բրիտանացի երաժիշտների կոալիցիային (The Featured Artists Coalition):
Pink Floyd-ի հիմնադիրներից մեկը՝ թմբկահար Նիք Մեյսոնը, Radiohead-ի կիթառահար Էդ Օ’Բրայենը, 1967թ. «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող՝ երգչուհի Սենդի Շոուն և այլ կատարողներ իրենց հայրենակիցներին կոչ են արել առաջիկա հանրաքվեին քվեարկել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին: Ըստ նրանց՝ Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների խափանումը կարող է վնասել երաժիշտներին՝ ի հայտ կգան վիզաների արգելքներ և կթանկանան համերգային շրջագայությունները:
«Աշխարհում երաժշտությունը առանցքային դեր ունի: Այն պետք է միավորի ժողովուրդներին, ոչ թե բաժանի: Մենք միասին ավելի ուժեղ ենք, ուստի պետք է միասին մնանք, ոչ թե բաժանվենք»,- ասել է կոալիցիայի ղեկավար Փոլ Պասիֆիկոն:
Կազմակերպությունում նշել են, որ դրա 5 000 անդամների 85%-ը կողմ է ԵՄ կազմում թագավորության մնալուն:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:









































