Հայաստանում շատ քիչ է պատահում, որ ընդդիմությունը մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանի որ ընդդիմությանը ավելի շատ հետաքրքրում են համապետական ընտրությունները: Ընդդիմությունը իշխանությունը ուզում է ամբողջական և միանգամից՝ համարելով, որ եթե հաղթի համապետական ընտրություններում, համայնքներում սեփական ներկայացուցիչներին նշանակելը կդառնա տեխնիկայի հարց: Այնպես, ինչպես անում է ներկա իշխանությունը:
Ապրիլի 17-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում, այդ թվում և՝ քաղաքային, նշանակված են համայնքապետի ընտրություններ: Եվ միայն Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների նկատմամբ է, որ ընդդիմությունը հետաքրքրություն է դրսևորել, ընդ որում՝ տարօրինակ զուգադիպությամբ միանգամից երկու ընդդիմադիր կուսակցություններ: Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին սկզբում հայտարարեց՝ ԱԺ նախկին պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հրազդանում թեկնածու առաջադրելու մասին որոշում է կայացրել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհուրդը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կառաջադրի իր Կոտայքի մարզային կառույցի համակարգող Արթուր Միսակյանին: ՕԵԿ-ի այս քայլը բավական հեշտացնում է մյուս ընդդիմադիր կուսակցությունների գործը, քանի որ նրանք այլևս պարտադրված չեն լինի պաշտպանել որևէ թեկնածուի, որովհետև որևէ թեկնածուի պաշտպանելու դեպքում խնդիրներ են առաջանալու մյուս ընդդիմադիր թեկնածուի հետ կապված:
Ընդդիմադիր կուսակցությունները Հրազդանում շատ քիչ բանով կարող են օգտակար լինել Սասուն Միքայելյանին կամ Արթուր Միսակյանին: Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների ազդեցությունը մարզերում չափազանց սահմանափակ է: Ընդամենը մի քանի կուսակցություններ է, որ մարզերում ունեն գրասենյակներ, և նրանց տարածքային կառույցների անդամների թիվը լավագույն դեպքում մի քանի տասնյակ է: Բայց խորհրդարանում ներկայացված խորհրդարանական չորս ոչ իշխանական կուսակցությունների հմայքն այն է, որ նրանք կարող են տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջադրել: Իսկ Հայաստանում ընտրությունների արդյունքը մեծ չափով կախված է ոչ թե բուն քվեարկությունից, այլ դրանից հետո ձայների հաշվումից, որն արվում է ընտրական հանձնաժողովների միջոցով:
Հիմա «Հայկական վերածնունդ»-ՕԵԿ-ը ընտրական հանձնաժողովում ունի իր ներկայացուցիչները, և բնական է, որ «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս պետք է ձգտեր հասնել նրան, որ հանձնաժողովում մի ներկայացուցիչ էլ իրենք ունենային: Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ խմբակցության անդամ է: Որպես խորհրդարանական խմբակցություն, ՀԱԿ-ը ևս կարող է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջադրել: Եվ քանի որ ՀԱԿ կուսակցությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում, տրամաբանական կլիներ, եթե հանձնաժողովի անդամներ առաջադրելու հնարավորությունը տրվեր «Քաղաքացիական պայմանագրին»:
Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանակցությունները այս հարցով հաջողություն չեն ունեցել: Մանուկյանը հայտարարել է, որ իրենք նշանակելու են հանձնաժողովի այնպիսի անդամներ, որոնք կպայքարեն ընտրակեղծիքների դեմ, և Փաշինյանը առիթ չունի չվստահելու ՀԱԿ ներկայացուցիչներին: Փաշինյանն էլ բացատրել է, որ իրենք՝ որպես ընտրությանը անմիջականորեն մասնակցող կուսակցություն, ավելի շահագրգիռ են արդար ընտրությունների անցկացման հարցում, և ՀԱԿ-ը չի կարող կասկածներ ունենալ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է այնպիսի հանձնաժողովի անդամներ առաջադրել, որոնք կարող են մասնակից լինել ընտրակեղծարարությանը:
Ընդամենը երեք ամիս առաջ տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ու չնայած նրան, որ բոլոր ընտրատեղամասերում ՀԱԿ-ը ուներ հանձնաժողովի իր անդամները, քվեարկության պրոցեսը և քվեների հաշվումը ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով: ՀԱԿ և մյուս ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ոչ միայն աչք փակեցին դրանց վրա, այլ նաև այդ ընտրակեղծարարության անմիջական մասնակիցը դարձան, իսկ բազմաթիվ ընտրատեղամասերում ՀԱԿ-ը ուղղակի վաճառել էր իր տեղերը իշխանությանը:
Ընտրակեղծարարության հիմնական դեպքերը բացահայտեցին ոչ թե հանձնաժողովի ընդդիմության ներկայացուցիչները, այլ դիտորդները: Այնպես որ, ՀԱԿ ղեկավարները չեն կարող երաշխավորել հանձնաժողովի իրենց անդամների համար, մանավանդ որ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դեպքերը բավականին թարմ են:
Ինչ վերաբերում է մյուս երկու ոչ իշխանական խմբակցություններին, որոնք հանձնաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու իրավունք ունեն, ապա նշենք, որ «Ժառանգությունը» արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանձնաժողովի տեղերը զիջել Սասուն Միքայելյանին, իսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ ներկայացուցիչների նման հայտարարում է, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները պաշտպանելու են ընտրական գործընթացի արդարությունը: Միայն պետք է նկատի ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ և ոչ թե ԲՀԿ խմբակցության անդամ է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































