ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրերս խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել էր, որ 1990-ականների սկզբին կալանավորված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալներ էին, դրանից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն եղել:
Արձագանքելով Ա. Ռուստամյանի հայտարարությանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, քաղաքական հայացքների համար մի քանի անգամ, այդ թվում նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկված Ալեքսանդր Արզումանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Ափսոսանք կարելի է հայտնել, որ կոալիցիոն պայմանագիր ստորագրելը նաև ենթադրում է անվերապահորեն պաշտպանել գործող և նախորդ իշխանությունների բոլոր ոտնձգությունները` մարդու իրավունքների հանդեպ»:
«Պարոն Ռուստամյանն այդ ժամանակ եղել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում, և ակտիվորեն մասնակցել է ԵԽԽՎ-ի կողմից 1609, 1620 բանաձևերի ընդունմանը, որոնցում միանշանակորեն նշվում է, որ Հայաստանում, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո մարդիկ ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ավելին, հետագայում զեկուցողները բանաձև են ընդունել, որում հստակ ասվում է` ԵԽԽՎ-ն գտնում է, որ 225 և 300 հոդվածներով մեղադրանք առաջադրվածները և նրանք, ում մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանության ցուցմունքի և վկայության հիման վրա, համարվում են քաղբանտարկյալ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի «կողմ» դիրքորոշումը Արման Թաթոյանի թեկնածությանը միանշանակ չընկալվեց:
«Որևէ մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում դեռևս միանշանակ չի ասել, որ կան քաղբանտարկյալներ: Բոլորը խուսափողական պատասխաններ են տվել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի դիրքորոշմանը Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու հարցում:
«Ինքն իր պատասխանում ասաց, որ պետք է գործերի բոլոր հանգամանքներին ծանոթանա, որից հետո կկարողանա գնահատականներ տալ: Դա արդեն մամուլի գործն է. հետևեք, որ ծանոթանա և գնահատականներ տա»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Մենք դա իր հետ մանրամասն քննարկել ենք, Մարտի 1-ի բոլոր գործերով, երբ կառավարության պատասխաններն ուղարկվել են ՄԻԵԴ, մինչ իր`Հայաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը ստանձնելը: Որևէ մասնակցություն Մարտի 1-ի գործերով ինքը չի ունեցել: Նա պատրաստված մասնագետ է, թե ինչպես իրեն կդրսևորի, ժամանակը ցույց կտա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































