Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Կորեայի Հանրապետությանը և ԱՄՆ-ին, եթե նրանք համատեղ զորավարժություններ անցկացնեն այս տարվա մարտ-ապրիլին: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Եթե ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորական ստորաբաժանումները որևիցե համատեղ գործողություն ձեռնարկեն, որը կվկայի վարժանքների անցկացման մասին, մենք, որպես կանխարգելիչ միջոց, հարվածներ կհասցնենք նրանց»,-նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը մարտին և ապրիլին ծրագրում են անցկացնել Key Resolve և Foal Eagle լայնածավալ համատեղ զորավարժությունները:
Փխենյանը պնդում է, որ դրանք ուղղված են իր տարածք ռազմական ներխուժում նախապատրաստելուն և պահանջում է չեղարկել վարժանքները։








































