Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտնել էր, որ ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են Թուրքիայի 9 քաղաքացիներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ: Երեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել ևս 8 կասկածյալի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլը քաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ և արդյունաբերական շրջանում 15 րոպե դադարով տեղի էին ունեցել երկու պայթյուններ: Պայթել էին երկու ականապատված մեքենաներ: Զոհվել է 50, վիրավորվել՝ 155 մարդ: Երեք մարդ անհետ կորած է համարվում:
Թուրքիան կատարվածն անվանել է ահաբեկչություն ու պատասխանատվությունը դրել Սիրիայի վրա, սակայն պաշտոնական Դամասկոսը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:








































