Սպիտակ տան արևմտյան թևի աշխատակիցներն այսօր տարհանվել էին, ենթադրաբար, տեխնիկական շինություններից մեկում ծխի առաջացման պատճառով: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Շենքի արևմտյան թևում է գտնվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Օվալաձև աշխատասենյակը, ինչպես նաև նրա մերձավոր օգնականների գրասենյակները:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը պարզել է, որ ծխի առաջացման պատճառը եղել է տրանսֆորմատորի հետ կապված անսարքությունը՝ հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ անսարքության հետևանքով միացել է հակահրդեհային ազդանշանը:
«Տրանսֆորմատորի խնդիրը վերացվել է: Էլեկտրականությունը ու աշխատանքը շենքի արևմտյան թևում վերականգնվել են: Առաջին ընտանիքը դեպքի հետևանքով չի տուժել»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Գաղտնի ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ դեպքի ժամանակ Բարաք Օբաման Սպիտակ տանը չի գտնվել:









































