«Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց ժողովրդի կարիքները բավարարեն, քողարկվում են ԵԽԽՎ բանաձևերի տակ: Պետք է Ադրբեջանի հասարակությունը տեղյակ լինի, որ ջուր չունենալու մեղքը Ադրբեջանի իշխանութուններինն է»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նրա հավաստմամբ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևն իրականում ոչ մի ազդեցություն չի ունենա խնդրի վրա, և ոչ էլ Արցախի ժողովրդի կամ իշխանությունների տրամադրությունների վրա: «Այն օրը, որ օրը համագործակցության եզրեր գտնվեն, դա արժեզրկված բանաձև է լինելու ԵԽԽՎ կողմից ընդունված»,- նշեց ԼՂՀ վարչապետը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հետ կապված քննադատություններին՝ Ա. Աղաբեկյանն ասաց. «Ովքեր, որ մտածում են իշխանություն լինելը կվարկաբեկի Դաշնակցությանը, կարծում եմ՝ չարաչար սխալվում են: Իշխանությունը պետք է դիտարկել որպես պատվաբեր բեռ»:
Նրա դիտարկմամբ՝ Դաշնակցությունը խորհրդարանում լինելու խնդիր երբևէ չի ունեցել. «ՀՅԴ գործունեության թիվ մեկ սկզբունքներից է՝ ընկերոջս ընկեր մոտեցումը, Փառք Աստծո, դաշնակցականների ընկերների ընկերները շատ-շատ հազարներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































