«Առաջին լլրատվական»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
– Պարոն Շահնազարյան, Իրանի մջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրից հետո հաճախ էին մեկնաբանություններ հնչում, որ Իրանը կարող է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ մեծացնում է իր դերը տարածաշրջանում: Երեկ արդեն Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը կարող է ԼՂ հակամարտության կարգավորման գործում որպես միջնորդ հանդես գալ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ո՞րը կարող է լինել Իրանի դերը, որպես միջնորդ, քանի որ կա Մինսկի խմբի ձևաչափը՝ լավ թե վատ աշխատանքով:
– Իրանի կողմից նման նախաձեռնությունը ավելի քան սպասելի էր, նույնիսկ հրապարակումներ էին հնչել, կանխատեսումներ արվել, որ Իրանը կփորձի դա անել, քանի որ Իրանը կտրուկ ավելացնում է ոչ միայն տնտեսական, էներգետիկ ազդեցությունը իր հարևան երկրներում, ցանկություն ունի դա անել հատկապես Հարավային Կովկասում, այլ նաև ակնհայտ է, որ իր քաղաքական ազդեցությունը նույնպես ուզում է էապես մեծացնել առաջին հերթին, իհարկե, Հարավային Կովկասում, այնպես որ՝ դա ավելի քան սպասելի էր: Իրանի փոխարտգործնախարարի երեկվա հայտարարությանը ես կարող եմ ավելացնել, որ այսօր արդեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ՝ փոխարտգործնախարար Կարասինի հետ:
Ինչպես գիտեք Իրանը որոշակի միջնորդական դեր ստանձնեց 92թ., այն ժամանակ Մինսկի խումբը դեռ նոր էր ձևավորվում, շատ մեծ էր Ռուսաստանի միջնորդությունը: Իմ մեկնաբանությամբ՝ առաջին՝ Իրանը կարծես թե Հայաստանի իշխանությունների հետ այդ մասին դեռ չի խոսել, երկրորդ՝ Իրանը ընդհանրապես չի հստակեցնում իր դերն այդ հարցում: Ինչպես հայտնի է, հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջնահերթություն է համարում շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրավիճակի կայունացումը, լարվածության մեղմացումը և վերադարձը դեպի հրադադարի ռեժիմ, մեխանիզմների մասին չեմ ուզում խոսել, որ առաջարկվում է Մինսկի խմբի կողմից:
Արդյո՞ք Իրանի համար էլ են սրանք առաջնահերթություններ, թե՞ ոչ. սա հարց համար 1-ին: 2-րդ՝ ես կարծում եմ, որ եթե Իրանը փորձում է Մինսկի խմբին զուգահեռ միջնորդական դեր ստանձնել, ինչը անընդհատ փորձում է անել Ռուսաստանը (այսօր Լավրովն էլ է իր ասուլիսում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին), ապա կարծում եմ, որ դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել նաև մեզ համար: Իմ կարծիքով՝ արդյունավետ գործունեության համար Իրանը պետք է ուղղակի հայտարարի, որ ինքը պատրաստ է օժանդակել և համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների հետ. սա իսկապես կլինի դրական և կնշանակի նաև, որ Իրանը կիսում է այն մոտեցումները, որ այսօր ունեն եռանախագահողները: Այդպիսի բան կարծես թե առայժմ գոյութուն չունի:
Բացի դրանից՝ մենք գիտենք, որ երկու օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Հայաստանի նախագահների միջև, պաշտոնական հաղորդագրություններում, երկու նախագահների կայքերում ոչինչ չկա այն մասին, որ քննարկում է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Ամփոփելով ասեմ, որ եթե Իրանը փորձի ինքնուրույն դեր ստանձնել, ես կարծում եմ, որ դա կթուլացնի Մինսկի խմբի գործունեությունը: Եկեք չմոռանանք, որ նույնիսկ 90-ականներին և վերջին տարիներին Ադրբեջանը անթաքույց փորձում է զուգահեռ ձևաչափեր գտնել և երբեմն Մինսկի խմբում ու միջազգային հանրության հետ նրա մոտ առաջանում են խնդիրներ: Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանը կարող է փորձել սա օգտագործել Մինսկի խմբին հարվածելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուց հետո շատ ավելի ինտենսիվ են ընթանում, քան Իրան-Հայաստան հարաբերությունները:
Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է այց կատարել Իրան, և այնտեղ թե՛ երկաթգծի, թե՛ այլ ուղղություններով շատ ավելի մեծ մասշտաբներով է աշխատանք գնում: Հայաստանի հետ ակնհայտ է, որ Իրանը պատրաստ է շատ ավելիի, քան Հայաստանը, իսկ Հայաստանի պատրաստությունը բացարձակապես որոշված է Ռուսաստանի ցանկությամբ, և կաշկանդումը գալիս է Ռուսաստանից: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է բավականին աչալուրջ և ուշադիր լինի, եթե այս նախաձեռնությունը Իրանը շարունակի զարգացնել, որը կարծես թե զարգացնում է, ապա Իրանի ակտիվությունը ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե Իրանը սատարի, օժանդակի և սկսի համագործակցել Մինսկի խմբի հետ, ինչը չի անում Թուրքիան:
Թուրքիան ամբողջովին ոչ միայն սատարում է Ադրբեջանին և բոլոր կետերով կրկնում նրա որոշումները, այլ նաև, բացի դրանից, բացասական վերաբերմունք ունի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ: Ես այստեղ տեսնում եմ նաև ինչ-որ չափով Իրանի և Թուրքիայի միջև մրցակցություն, Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար մղվող պայքար: Հուսանք, որ Իրանը կփորձի տարբերվել Անկարայից՝ ընդունելով և առաջարկելով համագործակցություն Մինսկի խմբի հետ, բայց ոչ զուգահեռ միջնորդություն, որը, կարծում եմ, կբխի առաջին հերթին Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, և Հայաստանում, ընդհանրապես քաղաքական դաշտում այն սակավաթիվ հարցերից մեկն է, որ գրեթե կոնսենսուս կա, դա այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը կարգավորման միակ ձևաչափն է:
– Դուք նշեցիք, որ 92թ. Իրանը քիչ թե շատ ակտիվություն էր ցուցաբերում, այն ժամանակ, երբ նոր էր ձևավորվում Մինսկի խումբը, և հենց այդ տարիներին էլ Իրանի նախագահի օժանդակությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
– Այո, 92թ. մայիսին Թեհրանում տեղի ունեցավ այդ հանդիպումը, Հայաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարի միջև: Հենց այդ օրերին էր, որ ազատագրվեց Շուշին: Շուշին ադրբեջանցիներն օգտագործում էին որպես շատ լուրջ հրետանակետ Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը գնդակոծելու համար, Շուշիից այդ գնդակոծությունների հետևանքով, ըստ էության, Ստեփանակերտում անվնաս տուն գրեթե չէր մնացել:
– Այդ ժամանակվա Իրանի, այսպես ասած, լուռ օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ինչպիսի՞ն է եղել:
– Ես չեմ կիսում ձեր ձևակերպումը՝ լուռ օժանդակություն, չէի ասի, թե օժանդակություն կար, Իրանն ուներ իր շահերը, նրան անհրաժեշտ էր որոշակի կայունություն, արդեն ասացի, որ միջնորդական այս առաքելությունները կայացած չէին, նոր-նոր էր ԵԱՀԿ-ում ձևավորվում Մինսկի խումբը՝ 12 երկրներից, որը նույնիսկ դեռ առաջին նիստերը չէր սկսել, շատ ակտիվ էր Ռուսաստանի միջնորդությունը: Այդ վիճակն էր տիրում, հիմա մի փոքր այլ իրավիճակ է: Ես արդեն նշեցի, որ Մինսկի խումբն արդեն կայացած և կարգավորման միակ միջազգային ձևաչափն է, և շատ ցանկալի կլիներ, եթե Իրանը հաշվի առնելով նաև այս ջերմացումը, որ հիմա գնում է Արևմուտքի հետ բոլոր բնագավառներում (տեսեք ինչ գործարքներ է կնքել վերջերս եվրոպական երկրների հետ, Չինաստանի հետ), Իրանն ուղղակի հայտարարեր, որ սատարում է Մինսկի խմբին: Այդտեղից պետք է սկսեր իր միջնորդական առաքելության ցանկության ցուցադրումը:
– Թեպետ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, բայց ամեն դեպքում միանձնյա ղեկավարումն այս հակամարտության մեջ կարծես թե Ռուսաստանի համար առաջնահերթություն է շարունակում մնալ, շարունակում է փորձել այն իր վերահսկողության տակ պահել: Հիմա, երբ Իրանը փորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ (նշվում է միջնորդի կարգավիճակում կամ ուղղակի և անուղղակի), ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, Ռուսաստանի վերաբերմունքը:
– Անժխտելի է, որ այն տեղեկատվությունը, որի մասին քիչ առաջ նշեցի, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը, ազդանշան է այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը Մինսկի խմբի դերը փոքրացնելու ուղղությամբ: Անցյալ, նախանցյալ տարիներին մենք դրա ականատեսը եղանք, մամուլում մի քանի անգամ ես մանրամասն խոսել եմ այդ մասին, Ռուսաստանին դա, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու չէ, Ռուսաստանը միշտ փորձելու է, այսպես ասած, ինքն իր խաղը տանել: Մենք գիտենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը բազմիցս հայտարարել էր Լավրովի առաքելության մասին, Լավրովն այսօր հայտարարել է, որ «լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի, ասել է, որ գոյություն ունեն 5 փաստաթղթեր: Այո, զարգացում եղել է՝ 5-6 տարբերակներ կային, բայց հիմա կա մեկ տարբերակ, որը սեղանին է, Լավրովն այդ մասին շատ լավ գիտի, և այսօր նա փորձում է այդ ամենը լղոզել և նորից, հերթական անգամ, ինչպես իր նախորդ ասուլիսում՝ հունվարի 2-ին «Ինտերֆաքսում» տրված, երբ նորից խոսել էր նաև ԼՂ հակամարտության մասին, խուսափում է խոսել շփման գծի վիճակից՝ չկարևորելով լարվածության թուլացման հարցը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է հնարավոր ամեն ինչ անել Մինսկի խմբի ձևաչափը թուլացնելու համար, ուրիշ բան է, որ հիմա Ռուսաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են, մի քանի ամիս առաջ շատ ավելի սահմանափակ էին: Եվ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն այս հարցում, և արդեն ասացի, թե ինչ դիրքորոշում պետք է ունենան:
– Նաև Մինսկի խմբի ջանքերով այսօր ԵԽԽՎ համաժողովում կանխվեց հակահայկական բանաձևերից մեկի ընդունումը, ընդունվեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավորի զեկույցը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, արդյո՞ք հնարավոր կլիներ կանխել այդ բանաձևի ընդունումը, եթե նախօրեին հանդես չգար Մինսկի խումբը, և կոչ չաներ ԵԽԽՎ-ին չանել մի գործողություն, որը կարող է խաթարել բանակցային գործընթացը և լարվածության հերթական աճի հանգեցնել:
– Եռանախագահողների հայտարարությունը, կարծում եմ, շատ մեծ դեր է ունեցել, ես դեռ մի քանի ամիս առաջ խոսելով այդ բանաձևերի մասին՝ ասել եմ, որ ուղղություններից մեկը, որ պետք է Հայաստանի իշխանությունները, խորհրդարանականներն աշխատեն, դա այն է, որ ամերիկյան եռանախագահող Ուորլիքի տեսակետը, որ արդեն հրապարակվել էր ամռանը, դառնա Մինսկի խմբի եռանախագահների տեսակետը: Կարծես թե դա տեղի է ունեցել: Ինչու այսքան ուշացավ. վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից է եղել նման վերաբերմունք, փառք Աստծո, որ հաջողվել է Ռուսաստանի համանախագահողին, ավելի ճիշտ՝ Կրեմլին ևս համոզել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ, խորհրդարանականներն էլ որոշակի աշխատանք են կատարել:
Այո՛, Ուոլթերի նախագծած բանաձևը չընդունվեց, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևն ընդունվեց, դա չարյաց փոքրագույնն էր: Սարսանգի ջրամբարի հարցը իրականությունից կտրված է: ԵԽԽՎ բանաձևի վերջնական տեքստը դեռ չեմ կարդացել, որովհետև դեռ նոր է ընդունվել, և չգիտեմ, թե ինչ փոփոխություններ են եղել, բայց արդյո՞ք կողմերին կոչ է արվել համագործակցել այդ ուղղությամբ: Ստեփանակերտը միշտ էլ պաշտոնապես հայտարարել է, որ այդ հարցով պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել: Մի խոսքով՝ խիստ կողմնակալ ձևակերպումներ են՝ նույնիսկ եվրոպացիների, Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների կարծիքով: Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես գտնում են, որ դա իրականությունից կտրված բանաձև է: Համենայնդեպս, չեմ կարծում, որ դրանից մեզ շատ վնաս է լինելու: Հիմա ուղղակի հերթական անգամ ճնշում է պետք Ադրբեջանի վրա, թող համագործակցենք այդ հարցով, չէ՞ որ պաշտոնական Ստեփանակերտը չի մերժում այդ հարցով համագործակցումը:
Իրականում, կարծում եմ, այդ համագործակցությունն Ադրբեջանին պետք չէ, միայն աղմուկի համար էր պետք: Հաշվի առնելով, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը արդեն լուրջ քաղաքական հետևանքներ է ունենում, բերում է անկայունությունների, Ադրբեջանին սա պետք է ընդամենը քարոզչական նպատակներով, որովհետև ինքն ընդհանրապես մերժում է օգտագործել այս քարոզչությունն ի շահ իր իսկ քաղաքացիների, որոնց օգուտ կլինի տնտեսապես, եթե համագործակցություն լինի: Վտանգը ես չեմ կարծում, որ շատ մեծ է, որովհետև հիմնական խաղացողները, եռանախագահողները և ԵՄ-ն շատ լավ հասկանում են, որ որևէ քաղաքական հետևանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը չի ունենա, իհարկե, մեզ համար կունենա քարոզչական բացասական հետևանք:










































