Ինչպես Եվրոպան և ԱՄՆ-ը, արաբական երկրները ևս բախվել են, այսպես կոչված, «ճարպակալման համաճարակի» հետ՝ հայտնում է kedem.ru-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Կատարը և Քուվեյթը գլխավորում են այն երկրների ցուցակը, որոնց բնակչության ավելի մեծ տոկոսն է տառապում ճարպակալմամբ: Երրորդ տեղում է Սաուդյան Արաբիան, որն այս տարի սկսել է վճռական միջոցառումներ կիրառել՝ ուղղված քաղաքացիների առողջացմանը:
Սաուդյան Արաբիայի էնդոկրինոլոգների ասոցիացիան պարզել է, որ երկրում մահերի 71%-ը շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների հետևանք է, որոնք առաջանում են սխալ սննդից և ավելորդ քաշից: Այդ ցուցանիշը նվազեցնելու համար ասոցիացիան մշակել է հասարակական սննդի օբյեկտների համար որոշ սահմանափակումներ: Օրինակ՝ առաջարկվել է ճաշատեսակներում 20%-ով նվազեցնել կենդանական ճարպերի քանակը, իջեցնել պանրի յուղայնությունը մինչև 10-20%, բուրգերներ պատրաստելիս չօգտագործել հավի կաշին, միս պարունակող ճաշատեսակների հետ մատուցել աղցաններ և հյութեր, ոչ թե քաղցր գազավորված ըմպելիքներ: Հատուկ ուշադրության է արժանացել տրանս-ճարպերի կրճատումը: Բժիշկների կարծիքով՝ երբ այդ սահմանափակումները կիրառվեն, ճարպակալման խնդիրը ինքնըստինքյան կկորցնի արդիականությունը:








































