Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունը Մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավարի տեղակալ Մորթազի Ռահմիի գլխավորությամբ հանդիպել է Ռոստուրիզմի ղեկավար Օլեգ Սաֆոնովի հետ։
Հանդիպման ժամանակ Ռահմանին Իրանի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի մեղմացման շահագրգռվածություն է հայտնել։ Հանդիպման ժամանակ երկու կողմն էլ ընդգծել են զբոսաշրջության հատուկ դերը միջպետական կապերի և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման հարցում, ինչպես նաև գնահատական են տվել զբոսաշրջության ոլորտում ռուս-իրանական համագործակցության առկա պոտենցիալին։
Ռուսական կողմի տվյալներով՝ 2015 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստան է այցելել Իրանի 42.500 քաղաքացի, որը 64 տոկոսով գերազանցել է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2015 թվականի ամռանը չարտերային չվերթների ծրագրի իրագործման արդյունքում՝ Իրանից Ռուսաստան զբոսաշրջիկների հոսքը կրկնապատկվել է։ 2016 թվականին ակնկալվում է Թեհրանի ու Մոսկվայի միջև չարտերային չվերթների թիվը շաբաթական 5-ից հասցնել մինչև 9-ի։








































