«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:
– Արմինե, վերջին շրջանում հավատքի, աղոթքի թեման չափազանց արդիական է դարձել: Հավատքը սկսում ներթափանցել Հայաստանի քաղաքական կյանք: Ինչո՞վ եք պայմանավորում և ինչպե՞ս եք բնութագրում այս երևույթը:
– Բանը նրանում է, որ անցյալում հոգևոր և աշխարհիկ իշխանության միջև մշտապես եղել է պայքար բարձրագույն իշխանության համար, բայց գրեթե միշտ հաղթել է աշխարհիկը, թեպետ հոգևորի լծակներն ավելի շատ և զորեղ են եղել: Ինչու կամ ինչպես… Չեմ ուզում ծանրացնել խոսքս, բայց բոլորին հայտնի է, որ ամենամեծ ուժը գիտելիքն է, և ժամանակին մարդկանց ավելի լավ են կառավարել` գիտելիքը թաքցնելով կամ ներկայացնելով որպես աստվածների զայրույթ կամ ներողամտություն: Ժամանակի մեջ գիտելիքը դուրս է եկել կրոնի տիրապետությունից, հավատալիքներից, և հոգևորի իշխանությունը թուլացել է: Որքան բաց է ճանաչողությունը, այնքան մարդը զերծ է միֆերից ու սիմվոլիկաներից:
Տեսեք, սա պարզ սխեմա է, հասարակության միասնության, ժողովրդի կառավարման և հնազանդության` հավատալիքների գործածման տեսանկյունից: Բայց, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր օղակ է` պտույտ, տեսակի պահպանման համար մի տեսակին նույնականացվելու և հասարակական ամբողջականություն, միաձուլություն ունենալու և պահպանելու համար որոշ սիմվոլիկաների, հավատալիքների առկայությունը: Հենց իսկ կրոնը միասնություն ապահովող հիմքն է, և մարդիկ «վերադառնում» են սիմվոլիկաներին և հավատքին:
Այսինքն՝ մի դեպքում որքան ազատ ենք հավատալիքներից և տիրապետում ենք գիտելիքին, այնքանով մեզ դժվար է կառավարելը, հնազանդեցնելը, բայց միևնույն ժամանակ ստեղծում ենք մի ուժ, հավատամք, որ նույնականացվենք, հնազանդելի լինենք, որ գոյատևենք: Այնպես որ, կրոնական հավատքի մասը քաղաքականության մեջ արդարացված է և մշտապես էլ պատմության մեջ եղել է սյուն` նկատելի կամ աննկատ:
– Կարո՞ղ է հավատքի գործոնն այնքան մեծ լինել, որ հենց դրանով արդարացվեն իշխանության գործած բոլոր քայլերը:
– Երբ կրոնական հավատքն աշխարհիկ իշխանության կողմից չափից դուրս գործածվի և երբեմն սիմվոլիկից արարողակարգայինի անցնի և այլն, և այլն, ուրեմն ականատես կլինենք տրանսֆորմացիայի, հոգևոր իշխանության հաղթանակին աշխարհիկի նկատմամբ, ինչն անհնար է:
Համենայնդեպս, իմ կարծիքով՝ այն մեկումեջ կրոնական հավատքի դրսևորումները և դրանք մեր ժամանակներում կամ կոնկրետ այս ժամանակահատվածում գործածելը գուցե ավելի շատ ռեալ արվող քաղաքականության ձև է, միջոց, գուցե տեխնոլոգիա, քան ցանկություն իշխանության արարքները բացատրել կամ արդարացնել հավատքով:
– Կոնկրետ վերջին զարգացումներում ավելի շատ հավատքը գործածվում է որպես տեխնոլոգիա և ո՞չ ցանկություն: Քաղաքական գործիքակազմում կարևորում եք հավատքի դերակատարությունը, ինչը կարծես ավելի ընդգծված է այս իշխանության գործելաոճում: Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, կարծես այլ պատկեր ունենք:
– Եկեք տարանջատենք. քաղաքականությունը վարում են մարդիկ՝ տարբեր խառնվածքի և բնավորության, այնպես էլ տարբեր աշխարհայացքի, արժեքների ու առաջնահերթությունների: Այսինքն՝ անգամ եթե ներկայիս իշխողը նախորդ ռեժիմի շարունակողն է, նա կարող է տարբեր լինել հոգևոր կամ այլ բնագավառների առաջնահերթությունը փոխելով, մեկն ընդգծելով, մյուսը թուլացնելով. դա էլ քաղաքականություն է: Նախորդ իշխանության վարվող գիծն այլ էր, եկեղեցին առավել սիմվոլիկ էր, հիմա կարծես եկեղեցու դերի բարձրացում է նկատվում, բայց կրկին սիմվոլիկ: Իսկ օգտագործվող կրոնական տեքստերը քաղաքականության մեջ, այո, գործիքակազմի մաս են: Ինչով են գործիքակազմ կամ տեխնոլոգիա՝ դիտարկենք.
1. Նախ հոգևոր արժեքների տեսանկյունից. մարդիկ «հավանությամբ» են ընդունում աշխարհիկ «իշխանավորին», որն իրենց հոգևոր հարթության մեջ է, իրենցից է, ուրեմն և ընկալունակ են դառնում այդ առաջնորդին:
2. Միասնականության գաղափարի տեսանկյունից. կրոնական հավատալիքները մշտապես կարևոր մաս են կազմել ժողովուրդների կյանքում, քաղաքակրթության համար, այնպես էլ միասնականության յուրովի փարոս են:
3. Կառավարելիության տեսանկյունից. տիրապետելով ժողովրդի հոգևոր շերտը, հոգևոր բովանդակային կողմը, հնազանդության մեխանիզմները, մարդիկ, զանգվածներն, ամբոխն առավել կառավարելի են կրոնական հավատքի տեքստերի գործածմամբ (ընդգրկելով վախի, մեղքի, ամոթի զգացմունքների կապը պատվիրանների հետ):
Ինչո՞ւ, քանզի միևնույն է, ամենագրագետ մարդն էլ միշտ իրենից բարձր էակի գոյության փաստով իրեն ազատում է պատասխանատվության ծանրագույն բեռից, որոշումների պատասխանատվությունից և մի օր երջանիկ լինելու գաղափարով ապրում: Եթե նա չունենա այդ հավատքը, և կամ աղքատ մարդը չունենա այն հավատքը, որ մի օր իրեն էլ կհաջողվի, ապա շատ կլինեն թե ինքնասպանությունները, թե հոգեկան խանգարումները, թե նիհիլիզմը: Կրոնական հավատքը այդ ծանր բեռի հարցը լուծում է, երբ մարդը մենակ է և անօգնական` թե՛ որոշումներում, թե՛ հնարավորություններում:
– Իսկ արդյոք չկա՞ վտանգ, որ դու յուրաքանչյուր քայլում, արտահայտած մտքում Աստծո անունը տալով, հավատքդ ընդգծելով՝ թուլացնում ես քաղաքական ասպեկտը, որևէ վտանգ չե՞ք տեսնում արդյոք, երբ գործողություններդ թվում են անքննելի:
– Հայաստանում քաղաքական բարոյալքված դաշտում որքա՞ն հոգևոր ներմուծես, որ հավասարակշռության գա: Իսկ ավելի լուրջ, ոչ, վտանգ չեմ տեսնում: Նրանք, ովքեր կշահարկեն Աստծո անունն իրենց արարքներին անքննելիություն ապահովելու համար, մեծ հնարավորություններ չունեն դա անելու այսօր: Այսօր ոչ միջնադար է, և ոչ էլ միապաղաղ կամ զոմբի հասարակություն: Եվ չափազանցություն է մտածել, որ, օրինակ, թեկուզ ոստիկանապետի կողմից, թեկուզ տեղին, բայց հերթական աղոթքը ավելի լայն չի քննարկվելու` իր նպատակահարմարության և ձևի տեսանկյունից: Թեպետ, իհարկե, մեդիա դաշտը վերցնելով գլխավոր ոստիկանապետի Ծիծեռնակաբերդում աղոթքը, տարածելով` ինքնըստինքյան միֆոլոգիական դաշտ է ստեղծում, քանի որ արարքը «ոչ սովորական» հատկություն է պարունակում իր մեջ:
– Արմինե, ըստ Ձեզ, Հայաստանի բարոյալքված քաղաքական դաշտը հոգևորի ներմուծմամբ վերջին տարիներին հավասարակշռության եկե՞լ է: Մենք տեսնում ենք, որ միաժամանակ նույն քաղաքական գործիչը և՛ մարդ է սպանում, և՛ եկեղեցի կառուցում, նոնսես չէ՞:
– Նախ՝ այսպես թե այնպես քաղաքական դաշտում հոգևոր, ոգեղեն արժեքների բացակայությամբ մենք մի միֆ, ստերեոտիպ ենք զարգացնում, իբրև քաղաքականությունն անբարոյականություն է, որն, իհարկե, այդպես չէ: Համենայնդեպս, վերջերս նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո հաղթած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր արժեհամակարգով այնքան նկատելի տարբեր դրսևորումներ արեց, որ մեր ունեցած «քաղաքական գործիչների» հենքում դժվար էր ընկալվում, նույնիսկ «ապաքաղաքական» անվանեցին: Սակայն տեսնում ենք փոփոխություն, և մեզ համար աննկատ կսկսենք ապաքաղաքական անվանել բարոյազուրկ «գործիչներին»: Այսինքն՝ նախ մենք արժեքային տեղաշարժերի մեջ ենք:
Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունները հետևողական քաղաքականություն չունեն` կոնկրետ կրոնի և քաղաքականության, կրոնի և հասարակության հարցերի շուրջ, քանզի, ինչպես ասացի, երկրորդ նախագահի ժամանակահատվածում այլ հարթության վրա էր, հիմա` ուրիշ, նույնիսկ դպրոցներում կրոնի դասընթացներ են անցնում: Ուրեմն, եթե հետևողական քաղաքականություն չէ, ինչպես մի շատ խելացի տնտեսագետ է ասել, այլ երկրի համար երկարաժամկետ տեսլականի բացակայություն կա, ուրեմն սա «կարճ» խաղի տարբերակ է:
Երրորդ՝ մարդը սոցիալական և հոգևոր կենդանի է, նա որքան ուժեղ է, այնքան էլ «թույլ» է, դա կլինի հասարակ գյուղացի, թե խոշոր «օլիգարխ-քաղաքական գործիչ»: Այստեղ կրոնական հավատքը, որը յուրաքանչյուրի համար, ի դեպ, կարող է շատ ինտիմ լինել, թե հասարակ քաղաքացուն, թե օլիգարխին նույն շարքին է կանգնեցնում: Եթե քաղաքացին իր ներդրումն անում է մոմ գնելով, օլիգարխը եկեղեցի է կառուցում: Այսինքն՝ այստեղ «բարի և ազնիվ, հավատացյալ» քաղաքական գործչից բացի, մարդու հավատացյալ տեսակն է: Այնպես որ, այն քաղաքական գործիչները, որոնք եկեղեցի են կառուցում, չեմ կարծում, որ քաղաքական մշակույթում են «արժեքային» ներդրում կատարում: Եվ որքան մեղքերը շատ են, այնքան շատ եկեղեցի, այնքան փութաջանությամբ խաչակնքում. իհարկե կա այսպիսի նոնսենս տեսակն էլ: Նման գործիչների համար շատ կարևոր է իրենց ապաշխարումը, հավատքը, սա ոչ թե քաղաքական դաշտում է, այլ ավելի շատ հոգեթերապևտիկ ֆունկցիա է:
Հավատք, կրոն, քաղաքականություն, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Մտավախությունը, թե աշխարհիկ իշխանությունը որոշակի տեղ տալով հոգևոր բովանդակությանը` հավատքով իր արարքներն է արդարացնում կամ էլ պետության համար կործանարար կարող է լինել, իհարկե հիմնավոր չէ, քանզի`
կա զարգացող հասարակություն, որը քնած չէ, կան աշխարհիկ իշխանություններ, որոնք օգտագործում են հավատքը որոշակի մանիպուլյացիայի համար:








































