ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի սկզբին հանդես կգա ծավալուն հարցազրույցով՝ հեռուստատեսությամբ: Վերջին անգամ Սերժ Սարգսյանը նման ձևաչափով հանդես է եկել 2013 թվականի մարտին, նախագահական ընտրություններից հետո: Իրադարձությունները դրանից հետո, ըստ էության, զարգացել են բոլորովին հակառակ տրամաբանությամբ, քան Սերժ Սարգսյանի մարտյան այդ հարցազրույցի տրամաբանությունն էր:
Օրինակ՝ նա հայտարարել էր, որ ԵՏՄ-ում Հայաստանին չեն էլ սպասում, ուր մնաց պահանջեն անդամակցել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում ստիպված է եղել անդամակցելու որոշում կայացնել: Հաշվի առնելով այս նախադեպը՝ ըստ էության Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան սպասվելիք հարցազրույցը երևի թե պետք է դիտարկել հենց այս կտրվածքով, այսինքն՝ սպասել այն ամենի հակառակին, ինչ կասի Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, սակայն, իհարկե պետք է հարգել անմեղության կանխավարկածն ու ընդունել, որ սա ամենևին չի նշանակում, թե Սարգսյանը խաբում է հանրությանը: Սա պարզապես կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանն էլ չգիտե, թե ինչ է լինելու վաղը, մյուս օրը, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետո:
Իրադարձություններն աշխարհում իսկապես շատ արագ են զարգանում, և անհնար է դրանց հետևից հասցնել, նույնիսկ Հայաստանի նախագահի կարգավիճակում: Այնպես որ, շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ չի տիրապետում իրավիճակին և խոսում է ընդամենը խիստ կարճաժամկետ կտրվածքով, խիստ կարճաժամկետ ժամանակահատվածի համար: Եվ եթե, օրինակ, 2013 թվականի մարտին նա ասում է, որ Հայաստանին չեն սպասում ԵՏՄ-ում, նա անկեղծ է նույնքան, որքան մի քանի ամիս անց հայտարարելիս, թե ինչպես մեկ գիշերում ես հարցնեի ողջ հայության կարծիքը: Պարզապես այսօր Հայաստանից կարող են մի բան պահանջել կամ ակնկալել, իսկ արդեն հաջորդ ժամին՝ բոլորովին այլ:
Եվ այստեղ, իհարկե, ամենաառանցքային խնդիրն այն է, որ Հայաստանը չլինի այնպիսի պետություն, որ ստիպված լինի տուրք տալ հաջորդ իսկ ժամին ներկայացվող տրամագծորեն հակառակ որևէ պահանջի, որտեղից էլ որ լինի այդ պահանջը բխող՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հասարակության, քաղաքացիների պահանջներից: Միայն այդ կոնտեքստում է, որ կարող են կարևոր լինել պետական պաշտոնյաների ելույթներն ու խոսքերը: Նրանցից մենք չենք կարող պահանջել, որ տիրապետեն համաշխարհային անցուդարձին և լինեն քաջատեղյակ: Դա նրանց ուժերից օբյեկտիվորեն վեր է, Հայաստանը շատ ու շատ հարցերում ստիպված է լինել արձագանքողի դերում, իրադարձությունների հետևից գնացողների դերում:
Ողջ խնդիրն այն է, թե ինչքանով է Հայաստանը կույր հետևում այդ իրադարձություններին, և ինչքանով է հետևում գիտակցված՝ հարկ եղած դեպքում կանգ առնելու, այսինքն՝ սեփական ընթացքը ինքնուրույն տնօրինելու կարողությամբ: Եվ ահա, այս ինքնուրույն կարողությունն է, որ կարող ենք և պետք է պահանջենք Հայաստանի որևէ իշխանությունից: Եվ ուրեմն՝ Հայաստանի իշխանության միմիայն այս մասին խոսքերն է, որ կարող են հետաքրքիր լինել Հայաստանի քաղաքացու համար, որովհետև երբ ասվում են այլ խոսքեր, հավաստիացումներ, պնդումներ, դրանք չունեն որևէ արժանահավատություն: Եվ ոչ թե՝ որովհետև Հայաստանի պաշտոնյաները հավատ չեն ներշնչում, այլ որովհետև նրանք պարզապես չեն տիրապետում միջազգային իրավիճակին: Այստեղ է Հայաստանի առանցքային խնդիրը ներկայումս, և այս խնդրի թերընկալումն է նաև, որ, մեծ հաշվով, բերում է հասարակական-քաղաքական կյանքի տոտալ անարդյունավետության:
Այս իմաստով, առկա է բավական պարադոքսալ մի իրավիճակ, երբ Հայաստանի հասարակությունն ինքը այլևս Սերժ Սարգսյանի ասելիքի պահանջարկ չունի, այսինքն՝ ապրիորի հայտնի է, որ Սարգսյանը երբեք չի ասելու այն, ինչի պահանջարկը ունի հասարակությունն ընդհանրապես, սակայն, ըստ էության, ձևավորվում է Սարգսյանի ասելիքի մի ինչ-որ սպասում՝ ըստ էության նենգափոխելով արդեն հասարակական-քաղաքական մթնոլորտն իր բնական վիճակով: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի ասելիքի սպասում չկա նույնիսկ իշխանական շրջանակում, քանի որ այդ շրջանակում էլ, ըստ էության, շատ ավելի վաղուց են հասկացել, որ ամենակարևոր և վճռորոշ գործընթացներն այլևս Հայաստանից դուրս են և Հայաստանում որևէ մեկի համար անենթարկվելի:
Սպասումն, ըստ էության, այլ է՝ թե ինչ արձագանք է լինելու Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին, և այդ հարցազրույցն ում ինչ գործողության է մղելու: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ընդամենը կփորձի ֆալստարտ սադրել ներքին միջավայրում: Կստացվի՞, թե՞ ոչ:









































