Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի շրջանային դատարաններից մեկի կողմից երեք ամսով կալանքի տակ է վերցվել Aztelekom ընկերության գլխավոր տնօրեն Մամեդ Մամեդովը։ Այդ մասին հայտնել է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը՝ չնշելով, թե ինչ մեղադրանք է ներկայացվել Մամեդովի դեմ։
Հաղորդվում է, որ Aztelekom-ը պատասխանատու է երկրի ողջ տարածքում կապի տարբեր եղանակների ապահովման համար։ Ընդգծվում է, որ Մամեդովը կալանավորվել է նոյեմբերի 16-ին ողջ երկրի տարածքով ինտերնետային կապի խափանումից հետո։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք դրանց միջև կապ կա՞։
Որոշ տեղեկություններով՝ Մամեդովը մեղադրվում է խոշոր չափի յուրացումների, ծառայողական լիազորությունները գերազանցելու ու պաշտոնական կեղծիքի (179.3.2, 308.2 և 313 հոդվածներ) համար։
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին։








































