Փարիզում ահաբեկչություններին մասնակից սպանված ահաբեկիչներից մեկը հունական Լերոս կղզում գրանցված է եղել որպես փախստական: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յաննիս Մուզալասը կիրակի մամլո ասուլիսի ժամանակ:
Ֆրանսիացիները խնդրել են ստուգել նոյեմբերի լույս 14-ի գիշերը Փարիզում հարձակումներ իրագործած ահաբեկիչներից մեկի տվյալները: Դա սիրիական անձնագրի 25-ամյա տերն է, որը մահապարտի գոտի է գործարկել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ:
Նա միակն է, որի մասին տվյալների հայտ են ներկայացրել ֆրանսիական իշխանությունները՝ հայտարարել է Մուզալասը:
Նրա խոսքով՝ ահաբեկչի անունն է Ահմադ Ալմոհամմադ: Նա ծնվել է 1990թ. սեպտեմբերի 10-ին՝ Սիրիայում: Թուրքիայից Լերոս է տեղափոխվել հոկտեմբերի 3-ին՝ լաստանավով, որում եղել է ևս 198 մարդ:
Մուզալասը նշել է, որ այդ մարդը մինչև Փարիզ հասնելը մի քանի երկրով է անցել, բայց նրա մասին գրառումներ արվել են միայն Սերբիայում և Խորվաթիայում, Կենտրոնական Եվրոպայի մյուս 2 կամ 3 երկրները դա չեն կատարել:
«Նա պետք է անցներ մի շարք այլ երկրներով, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան և Հունգարիան, բայց ոչ մի տեղ չի գրանցվել»,- ասել է Մուզալասը:








































