Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի բարձրագույն նիստի մասնակիցները հաստատել են այն ծառայությունների ոլորտների ցուցակը, որոնց համաձայն՝ ԵՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը իրականացվելու է ազատականացման ծրագրերի համապատասխան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ ենթադրաբար այդ ցուցակում կմտնի ծառայությունների 21 ոլորտ, այդ թվում նաև՝ շինարարական սեգմենտներ, գովազդային բիզնես, աուդիտորական ծառայություններ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտնել է, որ ծառայությունների ոլորտների ցուցակի մասին որոշումն ուժի մեջ կմտնի անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացման ընթացակարգերի ավարտից հետո։
Պետության ղեկավարները հուսով են, որ այդ գործընթացն ազգային խորհրդարաններում պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 15-ը։








































