ՌԴ անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը նամակ է պատրաստում Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի իշխանություններին, 2015 թվականի օգոստոսի 24-ից նորվեգական 14 ձկնաբուծական ձեռնարկություններից ձկան ներմուծման սահմանափակման մասին հաղորդագրությամբ՝ կապված այդ ձեռնարկություններում ստուգումների անցկացման մերժման հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ծառայության տեսչական աշխատանքների վարչության պետ Վասիլի Լավրովսկուն։
Այդ կերպ՝ «Ռոսսելխոզնադզորը» փորձում է սահմանափակել Ռուսաստանի տարածքում էմբարգոյի տակ հայտնված նորվեգական ձկան վերամշակված տեսքով հայտնվելը ԵՏՄ երկրների միջոցով։
Նորվեգիայից ձկան ներկրման արգելքը գործում է 2014 թվականի օգոստոսի 7-ից, երբ Ռուսաստանը պարենային էմբարգո սահմանեց իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրների դեմ։ Խոսքը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Ավստրալիայի մասին է։ Էմբարգոյի ժամկետը երկարացվել է մինչև 2016-ի օգոստոսի 6-ը։
Ներկա պահին հստակ տեղեկություն չկա՝ Նորվեգիայից տարեկան որքան ձուկ է ներմուծվում Հայաստան:








































