Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը խորը մտահոգություն է հայտնել և դատապարտել է իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը, որով նրանք ազատազրկման են դատապարտվել տևական ժամկետներով.
«Խորապես մտահոգված եմ Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճռի կապակցությամբ։ Մեր դիտորդների կարծիքով՝ դատական գործընթացի մի շարք ասպեկտներ հիմքեր են տալիս ասելու, որ դատավճիռը եղել է քաղաքական դրդապատճառներով։ Տվյալ ասպեկտների թվում է նաև այն, որ դիվանագետներին ու մյուս դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել գործընթացին։
Հատուկ մտահոգություն է հարուցում Լեյլա ու Արիֆ Յունուսների առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Մենք մեր հանդիպումներում պարբերաբար բարձրացնում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակը, և այդ հարցն այսուհետ նույնպես պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում։
Մենք նաև կառավարությանը կոչ ենք անում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ բարելավելու մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը, պահպանելու ստանձնած միջազգային պարտավորություններն ու հարգելու օրենքի գերակայությունը»։
Լիդինգթոնը հայտարարել է, որ Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ դատավճիռը կայացվել է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակվող դատական այլ գործընթացների ֆոնին, և այդ առումով հիշատակել է լրագրող Խադիջա Իսմայլովային, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևին ու Ռասուլ Ջաֆարովին։
Լիդինգթոնը նաև մտահոգություն է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի նկատմամբ ֆիզիկական ճնշումների կապակցությամբ, ով նույնպես ազատազրկման մեջ է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8.5, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման։








































