Էկոնոմիկայի և խաղաղության ավստրալական ինստիտուտի կազմած՝ Global Peace Index խաղաղասեր երկրների ամենամյա վարկանշային ցուցակում Սիրիան վերջին՝ 162-րդ տեղում է: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Պատճառը քաղաքացիական պատերազմն ու ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամալան պետություն) ահաբեկչական խմբավորման գործողություններն են, որը վերահսկողության տակ է վերցրել երկրի մի մասը:
Վարկանշային ցուցակում բացի Սիրիայից՝ աշխարհակարգին սպառնում են Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սուդանը, Սոմալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը և Իրաքը:
Ըստ փորձագետների՝ ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան: The Independent-ը նշում է, որ այն ՆԱՏՕ-ում միակ երկիրն է, որը մշտական բանակ չունի: Խաղաղ երկրների տասնյակում ընդգրկվել են նաև՝ Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան և Չեխիան:
Ցուցակը կազմելիս նկատի է առնվել 23 ցուցանիշ: Դրանց թվում ՝ մասնակցությունը զինված հակամարտություններին, ուժային կառույցների թիվը, հանցավորության և ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:








































