ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանից դարձյալ պահանջել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիներին, որոնք պահվում են այդ երկրում՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք նահանջի՝ մինչև տուն չվերադարձնենք մեր ամերիկացիներին, որոնք անօրինական կերպով պահվում են Իրանում»,- ասել է նախագահ Օբաման՝ Փենսիլվանիայի նահանգում ելույթ ունենալով վետերանների առջև: Նա անվանապես թվարկել է յուրաքանչյուրին՝ հավելելով, որ նրանք պետք է ազատ արձակվեն:
Հիշեցնենք, որ տարբեր տարիների Իրանում ձերբակալվել են ԱՄՆ քաղաքացիներ Սաիդ Աբեդինին, Ամիր Հեքմաթին և Ջեյսոն Ռեզայանը:
ԱՄՆ-ը կասկածում է նաև, որ ութ տարի առաջ անհետացած ամերիկացի Ռոբերտ Լևինսոնը առևանգվել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից: ԱՄՆ-ում շատերը քննադատում են, որ գործող վարչակազմը այս հարցը չի կապել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ:









































