Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանի գործողություններն ուղղված չեն Եվրոպայի հետ ընդհարմանը, այլ երկրի ու եվրոգոտու փրկությանը։
«Մենք չենք ցանկանում ընդհարում Եվրոպայի հետ, սակայն մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը երկրում, մտածելակերպը, որը կխորտակի Հունաստանն ու իր հետ՝ նաև եվրոգոտին»,- ասել է Ցիպրասը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Եվրոպան գտնվում է վճռորոշ փուլում, այն, ինչ մենք անվանում ենք հունական ճգնաժամ, գործնականում եվրոգոտու թուլությունն է։ Պետք է գտնել պարտքային ճգնաժամի վերջնական լուծում… Իրականում դա եվրոպական, այլ ոչ միայն հունական խնդիր է։ Եվ որպես եվրոպական խնդիր՝ այն պահանջում է եվրոպական լուծում»,- ասել է վարչապետը։
Նա կոչ է արել Եվրոպայի պառակտում թույլ չտալ։ «Այս անգամ մենք պետք է գտնենք բեղմնավոր և ազնիվ փոխզիջում»,- ասել է նա։









































