ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի անդամակցության հայտը՝ անկախ որևէ այլ երկրի դիրքորոշումից։ Այս մասին «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Հայտ ներկայացնելը կամ չներկայացնելը վերաբերում է անձամբ Ուկրաինային… Եթե Ուկրաինան որոշի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, այդ հայտը կգնահատվի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող այլ երկրների հայտերը»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամակցության հարցում ոչ ոք չի կարող միջամտել՝ բացի հայտ ներկայացնողից և դաշինքի 28 անդամներից։ Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է այն, որ յուրաքանչյուր ազգ ունի իր ուղին ընտրելու իրավունք՝ ներառյալ անվտանգության հարցերը։
Սթոլթենբերգը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի անջատողականներին զենք մատակարարելու համար։









































