Բելգիայի բնակչությունը, որը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ, ապօրինի պահում է մինչև 400 հազար միավոր հրաձգային զենք: Le Soir թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հրաձգային զենքի շրջանառության վերահսկման ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ լեգալ շրջանառությունից դուրս է բերվել 100-400 հազար միավոր զենք, որը թաքցվել է մասնավոր անձանց կողմից:
Բելգիայում ընթացիկ տարեսկզբի դրությամբ գրանցված է եղել ավելի քան 426.000 միավոր հրաձգային զենք: Թագավորության իշխանությունները ծրագրում են հերթական անգամ համաներում հայտարարել չգրանցված հրաձգային զենքի տերերի համար, որի ժամկետը համաձայնեցվում է:
Բելգիայում ապօրինի զենք-զինամթերք պահելը համարվում է վարչական խախտում և պատժվում է դրա առգրավմամբ ու 100 եվրոյից մինչև 20 հազար եվրո տուգանքով: Հրաձգային զենք կրելը քրեորեն պատժելի է: Ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու լիցենզիան տրվում է ոստիկանության որոշմամբ և սպառնալիքի փաստի ապացուցման պայմաններում:








































