MK-Turkey-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեշը Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիան ապաստան տված փախստականների ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:
Գուտիերեշը նկատել է, որ Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջաններում մարտեր են ընթանում քրդական ջոկատների ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ փախչում են ռազմական գործողությունների գոտուց և ապաստան են գտնում Թուրքիայի տարածքում. «Մեր հաշվարկներով` ներկա դրությամբ Թուրքիայում ապաստան է գտել ավելի քան 2 միլիոն փախստական: Թուրքիան իր սահմանները բացել է սիրիացիների, իրաքցիների ու աֆղանների համար»:
ՄԱԿ-ի տվյալներով` Թուրքիայում ապաստան է գտել 1.772.535 սիրիացի փախստական: Նրանցից ավելի քան 20.000-ը Թուրքիայի տարածքում հայտնվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Սիրիայում քրդական ջոկատների ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև բախումների հետևանքով Թուրքիայում կարող է հայտնվել ևս մեկ միլիոն սիրիացի փախստական:
Մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է 5.6 միլիարդ դոլար:








































