Լոնդոնում բնակարանի վարձը դուրս է գալիս վերահսկողությունից, հայտնում է The Guardian-ը:
Նոր տվյալների համաձայն՝ Բրիտանիայի մայրաքաղաքում բնակարանի կամ տան միջին վարձը գերազանցել է 1500 ֆունտ սթեռլինգը (2079 եվրո) ամսական:
HomeLet գործակալության տեղեկությամբ՝ վարձը թանկացել է 12,5%-ով ամբողջ երկրում: Մայրաքաղաքի սահմաններից դուրս միջին վարձը կազմում է 1042 եվրո ամսական:
Հետազոտողները նաև նշում են, որ վերջին 3 ամսում վարձը 5 անգամ ավելի արագ է թանկացել, քան վարձակալների եկամուտները: Երկրի միայն 3 շրջանում է վարձն էժանացել՝ Արևելյան Անգլիայում, Յորքշիրում և Համբերում:
The Guardian-ը գրում է, որ վարձի թանկացումն արտացոլում է Միացյալ Թագավորության ընդհանուր ճգնաժամը՝ գնման համար հասանելի բնակարանի պակասով, ինչի հետևանքով անշարժ գույքի գինը գերազանցում է շատ գնորդների հնարավորությունները:









































