Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում կհայտնվի հենց այն րոպեին, երբ պետք լինի երկրին։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։ Նա նշել է, որ վստահ է 2016-ի ընտրություններում իր թիմի հաջողությանը։
Նրա խոսքով՝ առաջիկա երկու տարում իրադարձությունները Վրաստանում շատ արագ կզարգանան։ «Որ րոպեից պետք լինեմ երկրին, ես կհայտնվեմ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ինձնից ազատվել է, զուր հույսեր է փայփայում»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։
Սաակաշվիլին նաև պատմել է, որ Օդեսայում իր անվտանգությունը պահպանում է հատուկ նշանակության ստորաբաժանման խումբը։ Նրա խոսքով՝ համապատասխան հրամանը որպես անվտանգության միջոցառում արձակել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։








































