Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը սկսել է միկրոսխեմաների արտադրության 14,4 մլրդ դոլար արժողությամբ նոր գործարանի շինարարություն: Արտադրական հոսքագիծը Փհյոնթհեք քաղաքում աշխատանքը պետք է սկսի 2017 թ. առաջին կեսին: Դա ընկերության ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր ներդրումային նախագիծն է, որը 150 000 աշխատատեղ կստեղծի, իսկ այնտեղ թողարկվող արտադրանքը կարժենա 37,3 մլրդ դոլար, հայտնում է TASS-ը:
Շինարարական աշխատանքների սկզբի առիթով միջոցառմանը ներկա է եղել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն և կառավարության ներկայացուցիչներ:
Ընկերության ղեկավար Քվոն Օ Հյունը նշել է, որ այդ հոսքագծի բացումը «կամրապնդի Samsung Electronics-ի առաջատար դիրքը սերվերների և բջջային հեռախոսների համար միկրոսխեմաների շուկայում, նաև հնարավորություն կտա առաջատար դառնալ «Իրերի համացանցի» ինդուստրիայում:
Շինարարության ավարտից հետո Փհյոնթհեքում չիպերի արտադրության գործարանը կդառնա ամենախոշորը ընկերությանը պատկանողներից: Այնտեղ ծրագրվում է թողարկել DRAM հիշողության կամ LSI միկրոսխեմայի չիպեր՝ կախված շուկայում իրավիճակից:








































